00:00:00

«Ակօս»-ը տեղեկություններ է հայտնել Արամ Աթեշյանի ու Էրդողանի խոսնակի զրույցի մասին

03:48, 11 օգոստոս 2018

Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների համայնքների առաջնորդները Ստամբուլի Դոլմաբահչե պալատում գտնվող նախագահական գրասենյակում փակ հանդիպում են անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ, այս մասին հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»։ Հայտնի է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Փակ դռների ետևում անցկացված հանդիպմանը լրագրողներ ներկա չեն եղել․ «Ակօսը», վկայակոչելով իր աղբյուրներին, նշում է, որ քննարկման ժամանակ Արամ Աթեշյանը բարձրացրել է հայ համայնքին հուզող մի շարք հարցեր, այդ թվում՝ Պոլսո Հայոց պատրիարքարանի՝ մինչ օրս իրավաբանական անձի կարգավիճակ չունենալը, ինչպես նաև ստամբուլահայերի՝ համայնքային հիմնադրամների ղեկավարների ընտրությունն ինքնուրույն կազմակերպելու իրավունքից զրկված լինելը։ Նշում է, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացման հարցը ժողովին չի բարձրացվել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն ավելի քան 9 տարի գտնվում է կոմայի մեջ, նրա փոխարեն համայնքի հոգևոր առաջնորդի պարտականությունները ստանձնել է Արամ Աթեշյանը, որի անձը բազմաթիվ դժգոհություններ է առաջացնում հայ համայնքի ներսում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր