00:00:00

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները Բաքվում այցելել են Կարեն Ղազարյանին

19:12, 03 օգոստոս 2018

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները Բաքվում այցելել են վերջերս հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Ղազարյանին: Այս մասին Tert.am-ին հայտնեց Երևանում ԿԽՄԿ պատվիրակության մամուլի քարտուղար Գոհար Տեր-Հակոբյանը: «Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները հուլիսին և օգոստոսին այցելել են Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ազատազրկած անձանց, այդ թվում՝ վերջերս կալանավորվածին։ Համաձայն մեր հանձնագրի՝ ԿԽՄԿ-ն այցելում է ազատազրկվածներին՝ դիտարկելու ազատազրկման պայմանները և նրանց հետ վարվելակերպը և օգնելու նրանց կապ պահպանել հարազատների հետ»,- ասաց նա: Հարցին, թե տեղեկություններ կա՞ն Կարեն Ղազարյանի առողջական վիճակի մասին, նա պատասխանեց․ «Առհասարակ ազատազրկված անձանց առողջական վիճակի մասին տեղեկատվությունը մենք չենք կիսում կամ մեկնաբանում հանրային կերպով: Մենք քննարկում ենք բոլոր առնչվող հարցերը ազատազրկված անձանց, այնուհետև համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այս պահին՝ կապված դեպքի հետ, ես կարող եմ միայն հաստատել, որ մենք շարունակում ենք վարել մեր գաղտնապահ, կոնֆիդենցիալ երկխոսությունը համապատասխան պատկան մարմինների հետ և չենք բացահայտում երկխոսության մանրամասները»: Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել էր ադրբեջանական տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, սակայն, հայտնել էր, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։ ՀՀ ՊՆ-ն ևս պաշտոնապես հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր