00:00:00

Զոհրաբ Մնացականյանն ու Ալեքսանդր Ֆոմինը ռազմական ոլորտում համագործակցության խորացման հարցեր են քննարկել

02:46, 03 օգոստոս 2018

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ օգոստոսի 2-ին ընդունել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում։ Այդ համատեքստում նախարարն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա ամրապնդումը եւ հանձնառու է շարունակելու իր ակտիվ ներգրավվածությունն այդ նպատակով։ Զոհրաբ Մնացականյանը եւ Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է երկկողմ ամուր իրավապայմանագրային դաշտի առկայությունը։ Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ արդյունավետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության փորձը եւ զինված ուժերի համադրելիության բարձր մակարդակը։ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը տվյալ ոլորտում համագործակցության դրական եւ կարեւոր օրինակներից է։ Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարը եւ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալը քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ: Հատուկ անդրադարձ է կատարվել Մերձավոր Արեւելքում եւ հատկապես Սիրիայում ստեղծված իրադրությանը, ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետեւանքով տարածաշրջանի էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների առջեւ ծառացած մարտահրավերներին։ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հայաստանը շատ զգայուն է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, քանի որ դրանք ուղղակիորեն առնչվում են Սիրիայում մեր հայրենակիցների անվտանգության, հայկական հարուստ պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերին։ Զրուցակիցներն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության միասնական գործելու կարեւորությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր