00:00:00

ՄԻՊ ներկայացուցիչները դրական տեղաշարժեր են արձանագրել Միգրացիոն ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում

15:40, 02 օգոստոս 2018

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հուլիսի 25-ին չհայտարարված այց են իրականացրել Միգրացիոն ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ։ Այցի ընթացքում ստուգվել են ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ գտած առաջարկությունների իրացման վիճակը, բնակության ու սանիտարահիգիենիկ պայմանները եւ այլ հարցեր։ Արձանագրվել է, որ զեկույցում բարձրացված որոշ խնդիրներ լուծում են ստացել. Կացարանում բնակության ներքին կարգապահական կանոնները թարգմանվել են 4 լեզվով՝ արաբերեն, պարսկերեն, անգլերեն եւ ռուսերեն, խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակը բարեկարգվել է։ Վերանորոգվել եւ կահավորվել է նաեւ երեխաների խաղասենյակը: Այնուամենայնիվ, արձանագրվել է, որ չլուծված է մնում կրոնական կամ ազգային առանձնահատկություններով պայմանավորված հատուկ սննդի հարցը: Առանձնազրույցների ընթացքում ստացվել են տեղեկություններ կացարանի սանիտարահիգիենիկ եւ կենցաղային պայմանների անբավարար լինելու, բնակիչների միջեւ միջանձնային խնդիրների պատճառով կոնֆլիկտների առկայության վերաբերյալ եւ այլն: Պաշտպանի աշխատակազմը վերջին հարցում համագործակցում է նաեւ Ոստիկանության հետ, ինչպես նաեւ բոլոր դեպքերում՝ Միգրացիոն ծառայության ու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ։ Այցի ընթացքում Կացարանում բնակվող անձանց պարզաբանվել են իրենց իրավունքներն ու պարտականությունները, Պաշտպանի լիազորությունները, դիմելու եւ բողոքի քննարկման ընթացակարգը: Այցին ներգրավվել են արաբերենի, թուրքերենի, իսպաներենի ու պարսկերենի թարգմանիչներ։ Կացարանի աշխատակիցները աջակցել են Պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքին։ Այցի արդյունքների ամփոփմամբ կձեռնարկվեն արձանագրված խնդիրների լուծմանը նպաստելուն ուղղված քայլեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր