00:00:00

Խիստ կարեւոր եմ համարում գյուղերում կրթական ոլորտի մասնագետների ներգրավումը․ Սուրեն Պապիկյան

15:42, 01 օգոստոս 2018

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 31-ին ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ կազմակերպության գլխավոր տնօրեն Թենի Ավագյանը եւ զարգացման տնօրեն Արթուր Մարտիրոսյանը։ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի պատասխանատուները նախարարին են ներկայացրել կազմակերպության գործունեությունը, նպատակներն ու հիմնական խնդիրները։ Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել համայնքներում ուսուցիչների թվի պակասի եւ մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ եւ միաժամանակ տեղեկացրել, որ կազմակերպությունը փորձում է ակտիվորեն ներգրավել բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետների՝ գյուղական համայնքներում որպես ուսուցիչ աշխատելու համար։ Զրույցի ընթացքում ծրագրի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը նշել է, որ երկամյա դասավանդմանը զուգահեռ երիտասարդները սերտորեն առնչվում են համայնքային խնդիրներին եւ զարգացնում են իրենց մասնագիտական եւ առաջնորդական ներուժը, ինչը հնարավորություն է ընձեռում նրանց հետագայում ներգրավվել հանրային կառավարման գործընթացներում։ Նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է կազմակերպության՝ գյուղական համայնքների կրթության որակի բարձրացմանն ուղղված առաքելությունը եւ պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել նախաձեռնությանը։ «Ե՛վ որպես կառավարության անդամ, եւ՛ որպես մանկավարժ՝ խիստ կարեւոր եմ համարում գյուղական համայնքներում կրթական ոլորտի մասնագետների ներգրավումը»,-ասել է նախարարը եւ վստահություն հայտնել, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի գործունեության արդյունքում հնարավոր կլինի փոխել գյուղական համայնքների շատ երեխաների ճակատագրեր եւ որակապես նոր կրթությամբ նպաստել համայնքների զարգացմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր