00:00:00

Ի՞նչ կապ ունի Վայոց Ձորի դատախազը գործարարի ունեզրկման հետ․ նոր մանրամասներ

21:04, 26 հունիս 2018 Իրավական

Irakanum.am-ն իր նախորդ հրապարակումներից մեկում արդեն իսկ անդրադարձել էր Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի բնակիչ, ունեզուրկ գործարար Աշոտ Զաքարյանի բողոքին ուղղված եկրի իրավապահ մարմիններին։ Հիշեցնենք, որ Աշոտ Զաքարյանը 2010թ.-ից նախաձեռնել է Վայոց ձորի մարզի «Արփա» փոքր ՀԷԿ-ի կառուցումը, որի նպատակով վարկեր է վերցրել, անձնական միջոցներ ներդրել, սակայն խաբեության պատճառով զրկվել է սեփականատիրոջ կարգավիճակից, դարձել ունեզուրկ: Լրատվամիջոցների հետ զրույցում ավելի վաղ, Աշոտ Զաքարյանը պատմել է, որ ՀԷԿ-ի կառուցումը գրեթե ավարտված է եղել, սակայն խողովակաշարի պակասող մասը ձեռք բերելու համար դիմել է բարերար, մեծահարուստ Գրիգորյան Պուշկինի Գրիգորյանին, որն էլ, Զաքարյանի պնդմամբ, խաբեությամբ ունեզրկել է իրեն՝ ունենալով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ դատական համակարգի ազդեցիկ պաշտոնյաների աջակցությունը: Մենք գրել էինք, որ տեղի ունեցած ապօրինությունները բացահայտելու եւ իրական մեղավորներին պատժելու նպատակով Աշոտ Զաքարյանն ու իր թիմակիցները պատրաստվում էին հունիսի 28-ին գլխավոր դատախազության շենքի դիմաց իրականացնել բողոքի ակցիա։  Սակայն Աշոտ Զաքարյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Մուրադյանը Irakanum.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ակցիան հետաձգվել է։ «Ակցիան հետաձգվել է այն պատճառով, որ մենք այսօր հանդիպել ենք գլխավոր դատախազի խորհրդականի հետ։ Նա հավաստիացրել է, որ իրենց կողմից պետք է օբյեկտիվ մոտեցում ցուցաբերվի։ Բացի այդ մեզ հավաստիացրել են, որ գործը Վայոց  Ձորի մարզի դատախազությունից պետք է վերադարձվի գլխավոր դատախազություն, եւ պատշաճ ընթացք տրվի։ Մենք մեր բողոքի մեջ՝ քրեական գործ հարուցելը մերժելու հետաքննիչի դեմ ներկայացված բողոքի մեջ շատ մանրամասություններ ենք ներկայացրել Վայոց Ձորի մարզի դատախազի կողմնակալության, կաշկանդված լինելու վերաբերյալ։ Այս ամենով հանդերձ, ի զարմանս մեզ գործը նորից ուղարկվել է Վայոց Ձորի դատախազություն։ Գլխավոր դատախազությունից ասել են, որ հետ են կանչելու գործը եւ պատշաճ ուսումնասիրություն են իրականացնելու»,- ասաց փաստաբանը, հավելելով, որ իր համար ցավալի է, որ մինչ օրս գլխավոր դատախազությունը գործի մանրամասներին չի տիրապետել։ Հարցին, թե  ինչ կողմնակալություն է դրսեւորել Վայոց Ձորի դատախազը, Տիգրան Մուրադյանը հայտնեց․ «Դատախազ Նաիրի Ավագյանը, եւ այն անձը, ում դեմ Աշոտ Զաքարյանը բողոք է ներկայացրել՝ Գրիգոր Գրիգորյանը մտերիմներ են, եւ  նրանց մտերմական կապը, նաեւ կա Վայոց Ձորի  բնակիչ Սամվել Սարգսյանի միջեւ։ (Վերջինս եղել է ԱԺ պատգամավոր եւ Վայոց Ձորի մարզպետ)»։ Ըստ Մուրադյանի՝ Նաիրի Ավագյանը Սամվել Սարգսյանի փեսան է, իսկ Սարգսյանն ու Գրիգորյանն էլ Աշոտ Զաքարյանի պնդմամբ մտերիմներ են։ «Մենք այս ամեն ինչը բողոքի մեջ նշել ենք, եւ իրենք հաշվի չեն առել։ Երբ, որ հետաքննիչը Գրիգոր Գրիգորյանին հրավիրել է, որպեսզի բացատրություն տա․ Գ․ Գրիգորյանը երեք օր շարունակ չի ներկայացել։ Մենք սա կապում ենք նրա հետ, որ նա փորձել է այդ ժամանահատվածը օգտագործել հենց այն նպատակներով, ինչ կասկածներ մենք ունենք»,- ասաց փաստաբանը։ Տիգրան Մուրադյանը հայտեց, որ ակցիան ոչ թե չեղարկվել է, այլ պարզապես հետաձգել են։ «Մենք ունենք անվստահություն դատախազության նկատմամբ, որեւէ մեկին չենք անձնավորում, ուղղակի նկատի ունենալով փաստերը  անվստահություն ունենք»,- ասաց նա։ Irakanum.am-ը առաջիկայում կներկայացնի նաեւ Գրիգոր Գրիգորյանի տեսակետը։ Կներկայացնենք նաեւ դատախազության պատասխանը, ինչպես նաեւ թե իրականում ինչ շահագրգռվածություն ունի Վայոց Ձորի մարզի դատախազը, նախկին ոստիկանապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այս պատմությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր