»»»Սահակյան, Սարգսյան, Գրիգորյան. ունեզուրկ գործարարը բողոքի ակցիա կանի դատախազության դիմաց

Սահակյան, Սարգսյան, Գրիգորյան. ունեզուրկ գործարարը բողոքի ակցիա կանի դատախազության դիմաց

Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի բնակիչ, ունեզուրկ գործարար Աշոտ Զաքարյանը պատրաստվում է բողոքի ակցիա իրականացնել ՀՀ Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Զաքարյանը հայտարարում է, որ դարձել է խաբեության զոհ: Արթուր Դավթյանի ղեկավարած կառույցի մոտ բողոքի ակցիա իրականացնելու նպատակը մեկն է, վերականգնել արդարությունը:

Խնդիրը նրանում է, որ  Աշոտ Զաքարյանը 2010թ.-ից նախաձեռնել է Վայոց ձորի մարզի «Արփա» փոքր ՀԷԿ-ի կառուցումը, որի նպատակով վարկեր է վերցրել, անձնական միջոցներ ներդրել, սակայն խաբեության պատճառով զրկվել է սեփականատիրոջ կարգավիճակից, դարձել ունեզուրկ:

Լրատվամիջոցների հետ զրույցում ավելի վաղ, Աշոտ Զաքարյանը պատմել է, որ ՀԷԿ-ի կառուցումը գրեթե ավարտված է եղել, սակայն խողովակաշարի պակասող մասը ձեռք բերելու համար դիմել է բարերար, մեծահարուստ Գրիգորյան Պուշկինի Գրիգորյանին, որն էլ, Զաքարյանի պնդմամբ, խաբեությամբ ունեզրկել է իրեն՝ ունենալով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ դատական համակարգի ազդեցիկ պաշտոնյաների աջակցությունը:

Աշոտ Զաքարյանի փաստաբան Տիգրան Մուրադյանն էլ  տեղեկացրել է, որ  Զաքարյանը խողովակաշարի կառուցումն ավարտին հասցնելու համար պարտքով գումար է խնդրել Գրիգորյանից, որը հրաժարվել է՝ փոխարենն առաջարկելով դառնալ ՀԷԿ-ի բաժնետեր. «Նրանց միջեւ կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ բաժնեմասը ձեռք բերելու դիմաց Գրիգոր Գրիգորյանը պետք է ներդրում անի կառուցման ծրագրում՝ հօգուտ Աշոտ Զաքարյանի: Նա, սակայն, ոչինչ չի ստացել, եւ իր բաժնեմասը դարձել է ուրիշի սեփականություն: Սա գնահատվում է որպես Գրիգորյանի կողմից Աշոտ Զաքարյանի բաժնեմասին խաբեությամբ տիրանալու փաստ»:

Փաստաբանը նշում է, որ  տարիներ շարունակ դատախազությունը միտումնավոր քրեական գործ չի հարուցել, եւ միայն օրերս է սկսել այդ գործընթացը:

Աշոտ Զաքարյանը պահանջում է վերականգնել արդարությունը, հույս հայտնելով, որ իշխանափոխությունից հետո այլեւս ծանոթ- բերակամանական կապերը դատական համակարգում իրենց դերակատարությունը չեն ունենա, եւ մեղավորները կկրեն արժանի պատիժ:

Հավելենք, որ բողոքի ակցիան տեղի կունենա հունիսի 28-ին՝ հինգշաբթի օրը: