00:00:00

ԲԴԽ-ն ընտրել է ՀՀ վարչական դատարանի նախագահ

23:07, 25 հունիս 2018 Իրավական

Հունիսի 25-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչական դատարանի դատավորների հետ: Շնորհավորելով Վարչական դատարանի գործունեության 10-ամյակի կապակցությամբ՝ Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց հանդիպման հիմնական նպատակը, անդրադարձավ առանցքային որոշ հարցադրումների: Կարևորվեց դատարանների ծանրաբեռնվածության, նյութատեխնիկական ապահովման, օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիրների լուծումը: «Մեր գերագույն խնդիրներից մեկը դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափումն է: Մեկնարկել է պիլոտային ծրագիր՝ պարզելու դատարանների ծախսատարության հարցը: Եվ այդ մեկնարկը տրվել է հենց Վարչական դատարանից: Մեր նպատակն է ոչ թե խնդրի մեխանիկական վերհանումը, այլ բովանդակային վերլուծության ենթարկելը: Անելու ենք ամեն ինչ՝ ունենալու առավել բարձր որակի վարչական արդարադատություն»,- նշեց Խորհրդի նախագահը: Ուշադրություն հրավիրվեց նաև արդարադատության իրականացման հարցում դատարանների հիմնական առաքելության վրա: Գագիկ Հարությունյանը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի փորձելու խոչընդոտել դատավորին արդարադատական գործառույթն իրականացնելիս, սակայն հետևողական է լինելու դատավորների վարքագծին՝ թե՛ սոցիալական ցանցերում և թե՛ քաղաքացիների հետ շփումներում: «Հաջողության հասնելու մեր հիմնական բաղադրիչը միասնական գործելն է, և մեր ջանքերը պետք է միտված լինեն դատավորի հեղինակության, արդարադատության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Մշտադիտարկման շնորհիվ հնարավոր կլինի նաև գնահատել յուրաքանչյուր դրական ու բացասական շարժընթաց»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը: Քննարկմանն ակտիվ մասնակցություն ունեցան Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Վարչական դատարանի դատավորները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց մի շարք հրատապ հարցերով կազմակերպել հատուկ քննարկումներ՝ դրանց մասնակից դարձնելով նաև փորձագետների։ Օրակարգային հարցերի քննարկումից զատ նախատեսված էր նաև ՀՀ վարչական դատարանի նախագահի ընտրություն:   Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածով, ՀՀ վարչական դատարանի 22 դատավորների կազմից դատարանի նախագահ ընտրեց Աղասի Դարբինյանին: Առավելագույն ձայներ ստացել էին.
  1. Դարբինյան Աղասի - 6 կողմ
  2. Ղազարյան Արգիշտի - 3 կողմ
  3. Սոսյան Գևորգ - 1 կողմ
    Դատական դեպարտամենտի մամուլի ծառայություն          

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր