00:00:00

Հայաստան կժամանի Եվրախորհրդարանի պատվիրակությունը՝ գնահատելու բարեփոխումների ընթացքը

21:45, 15 հունիս 2018

Հունիսի 18-ին Հայաստան կժամանի Եվրախորհրդարանի 9 պատգամավորից կազմված պատվիրակությունը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրին համաձայնության քվե տալուց առաջ գնահատելու Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների ներկա փուլն ու բարեփոխումներին ուղղված ջանքերը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը: Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մըքալիսթերի գլխավորությած պատվիրակության անդամները կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Եվրախորհրդարանի ներկայացուցիչները գնահատական կտան Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակին, կգնահատեն ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակն ու հայտարարված բարեփոխումները՝ վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական ցնցումների համատեքստում, որի արդյունքում երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն: ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները 2018 թվականի մայիսի 16-ին ողջունել են Հայաստանի քաղաքացիներին՝ տեղի ունեցած իշխանափոխության խաղաղ բնույթի կապակցությամբ եւ ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն տվել «Եվրոպական միության և Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին»: Եվրախորհրդարանի ամփոփիչ քվեարկությունը տեղի կունենա 2018 թվականի հուլիսին Ստրասբուրգում: «Այս պահը հատկանշական է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման տեսանկյունից: Հայաստանի քաղաքացիները բարձր ակնկալիքներ ունեն: Նրանք ցանկանում են ականատես լինել առանցքային բարեփոխումների իրականացման: ԵԽ-ն մեծ նշանակություն է տալիս Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին եւ քաղաքացիների ձգտմանը, այդ պատճառով մենք պատրաստվում ենք հանդիպել Հայաստանի ղեկավարության եւ քաղաքացիական հասարակության հետ՝ նախքան ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի վերաբերյալ ամփոփիչ քվեարկությունը»,- այցի նախաշեմին ասել է ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր