00:00:00

Մարդն ազատ է ոչ թե այն ժամանակ, երբ ապրում է առանց որևէ սահմանափակման, այլ երբ գիտակցաբար ընտրում է բարին, սերը և ճշմարտությունը. Տեր Հեթում

16:06, 21 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի՝ Մարիամի ընծայման տոնը։

Տեր Հեթում քահանա Թարվերդյանը նշում է՝ այս տոնը մեզ հիշեցնում է, որ մարդու կյանքի ամենամեծ առաքելությունը ոչ թե պարզապես ապրելն է, այլ իր գոյությանը հոգևոր իմաստ հաղորդելը։

«Աստվածամոր ընծայումը տաճարին միայն պատմական իրադարձություն չէ, այլ խորագույն հոգևոր խորհուրդ։ Այն խորհրդանշում է մարդու ազատ կամքով Աստծուն նվիրվելու, սեփական անձը սիրո, հավատքի և աստվածային կամքի ծառայությանը հանձնելու ճանապարհը։

Մարիամը դեռ մանկուց դարձավ այն սրբազան լռության ու սպասման խորհրդանիշը, որի մեջ հասունանում էր մարդկության փրկության մեծագույն խորհուրդը։ Նա իր ամբողջ էությամբ դարձավ Աստծո ներկայության տաճար՝ ցույց տալով, որ իսկական սրբությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդը բացում է իր սիրտը Աստծո առաջ։

Փիլիսոփայորեն խորհելով՝ ընծայումը հրաժարում չէ սեփական անհատականությունից, այլ սեփական անձի իրական բացահայտումն է։ Մարդն ազատ է ոչ թե այն ժամանակ, երբ ապրում է առանց որևէ սահմանափակման, այլ երբ գիտակցաբար ընտրում է բարին, սերը և ճշմարտությունը։

Այսօր այս տոնը մեզ մի կարևոր հարց է ուղղում․ ի՞նչ ենք մենք ընծայում Աստծուն՝ մեր ժամանակը, մեր մտքերը, մեր գործերը, մեր սե՞րը, թե՞ միայն մեր խոսքերը։

Չէ՞ որ տաճարը միայն քարերով կառուցված սրբավայր չէ։ Մարդու սիրտն էլ կարող է տաճար դառնալ, եթե այնտեղ բնակվում են հավատը, ներողամտությունը, խոնարհությունն ու սերը։

Թող Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ մեր հոգիները դառնան Աստծուն ընծայված տաճարներ, մեր ընտանիքները՝ սիրո և խաղաղության օջախներ, իսկ մեր կյանքը՝ բարի գործերով արտահայտված հավատքի կենդանի վկայություն։

Շնորհավոր Սուրբ Աստվածածնի ընծայման տոնը»,- նշել է Տեր Հեթումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր