«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում քննարկվում էր կառավարությանը, վարչապետին հատկացվելիք 2027 թվականի բյուջեն: Հայտնի է, որ 2026 թվականի պետական բյուջեով «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կազմել է 621 մլն 340 հազար 100 դրամ։ 2023-ին այդ գումարն ավելի պակաս էր շուրջ 542 միլիոն, 2024-ին՝ արդեն 603 մլն, 2026-ին՝ 2025-ի համեմատ 18 միլիոնով ավելի, այսինքն պետության վրա վարչապետի, նրա ընտանիքի ծախսն անշեղորեն աճում է:
Ստացվում է, որ Կառավարական դաչաներում ապրողների կեցության վրա օրական ծախսվում է ավելի քան 1.7 մլն դրամ, կամ մոտ 5 հազար դոլար։ Այս միջոցները ծախսվում են բարձրաստիճան պաշտոնատար 4 անձի եւ նրանց ընտանիքների վրա` Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Ռուբեն Ռուբինյան եւ Սուրեն Պապիկյան: Այս գումարի մեջ են մտնում Կոնդի առանձնատների եւ տարածքի պահպանման, կոմունալ ծախսերի, անվտանգության եւ տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ գումարները։
Բայց պարզվում է՝ հոգում են այս ընտանիքների բոլոր ծախսերը սկսած սննդից, զուգարանի թղթից ու կենցաղային պարագաներից, մինչեւ վարչապետի աղջիկների մատնահարդարման ծախսերը: Մենք գրել էինք, որ կոնկրետ գեղեցկության սրահ կա, որից օգտվում են Փաշինյանի ընտանիքի կին անդամները, ապա «Կառավարական ամառանոց» ՊՈԱԿ-ից գումարը փոխանցում են այդ սալոնին, ինչը հետագայում հաստատել էր նաեւ կառավարության աշխատակազմը գրավոր պատասխանելով մեր հարցին:
Ասել էին, որ ամսվա վերջում վարչապետն ինչ որ գումար է իր աշխատավարձից փոխանցում ՊՈԱԿ-ի հաշվին, որից էլ կատարվում են այդ փոխանցումները, ինչը եւս օրենքի խախտում է: Պետությունը շատ բարձր աշխատավարձ է վճարում վարչապետին ու մյուս պաշտոնյաներին, որ նրանց իրենց գրպանից ուղիղ հոգան իրեն կարիքները, այլ ոչ թե պետական փողն ու սեփական փողը խառնեն իրար:
Մենք փորձեցինք պարզել, թե, օրինակ, ինչքան գումար է կազմում նշված գեղեցության սրահի ծառայություններից օգտվելը, որտեղ սպասարկվում են վարչապետի ընտանիքի անդամները։
Զանգահարեցինք նշված սալոն եւ տեղեկացանք, որ այն Երեւանի մասշտաբով ամենաթանկ ծառայություններն է մատուցում մատնահարդարումը գելլաքով սկսվում է 13 հազար դրամից, ոտնահարդարումը KART խնամքի միջոցով արժեքը սկսվում է 20 հազար դրամից։ Ծառայությունները մատուցվում են VIP սենյակում, որից օգտվելու համար անհրաժեշտ է գոնե 2 օր շուտ զանգահարել տեղ ամրագրել։
Հարցին՝ փոխանցումով աշխատո՞ւմ են, սրահի աշխատակիցը պատասխանեց․ «Այդ դեպքում նախապես պետք է ասել, մեր հաշվապահը հաշիվը գրի Ձեր մոտենալուց առաջ, փոխանցումը արվի, մոտենաք կսպասարկենք»։
Ամսվա մեջ եթե 2-3 անգամ այս ծառայություններից օգտվեն Փաշինյանի երեք աղջիկները եւ կինը, կարող եք հաշվել, թե որքան է նստում հանրության վրա միայն այս ընտանիքի կանացի հատվածի մատնահարդարումն ու ոտնահարդարումը: Մոտավոր հաշվարկներով դա կազմում է մոտ հազար դոլարին համարժեք գումար:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում