ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթին։
Նախարար Սարգսյանը ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման, պլանավորման և արձագանքման ոլորտում իրականացվող փոխակերպումները, այդ թվում՝ պետական նյութական պահուստների համակարգի և նախարարությունում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումները։
Շարունակական աջակցության համար շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ նախարարն ընդգծել է Հայաստանյան գրասենյակի ակտիվ մասնակցությունը աղետների ռիսկի կառավարմանն ուղղված տարաբնույթ ծրագրերում և միջոցառումներում։
Բարձր գնահատելով Ներքին գործերի նախարարության հետ երկարամյա համագործակցությունը՝ Մեթյու Հոլինգվորթը ողջունել է աղետների կառավարման ոլորտում ազգային առաջնորդությունը ստանձնելու Հայաստանի պատրաստակամությունը։
Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը համատեղ վարժանքների և կարողությունների զարգացման ուղղությամբ։