ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Մանկավարժականում կայացած Գիտական խորհրդի արտահերթ նիստում ներկայացրեց համալսարանի ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին։ Այս մասին տեղեկացնում են համալսարանից:
Վերջինս այդ պաշտոնում առաջադրվել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում անցկացված քվեարկության արդյունքներով։
Նա ընդգծել է, որ Արաքսիա Սվաջյանն ունի Մանկավարժական համալսարանում դասախոսական և հետազոտական աշխատանքի երկարամյա փորձ։ Նախարարությունում աշխատելու տարիներին ևս շարունակել է իր կապը համալսարանի հետ՝ դասավանդելով և լինելով Հոգաբարձուների խորհրդի անդամ։
ՀՊՄՀ ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և առանձնացրեց առաջիկա աշխատանքների երեք հիմնական ուղղություն՝ բուհական կրթության որակի բարելավում, հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտներում իրականացվող աշխատանքների շարունակություն, ինչպես նաև հետազոտական գործունեության զարգացում։ Նշված ուղղություններով համալսարանն ունի մեծածավալ աշխատանք կատարելու անհրաժեշտություն․«Վստահ եմ՝ մեզ բարդ, բայց արդյունավետ ճանապարհ է սպասվում»,- նշել է Արաքսիա Սվաջյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արաքսիա Սվաջյանը սեպտեմբերի 2-ին ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից: Ըստ մամուլի հրապարակումների՝ աշխատանքից ազատման պատճառ են դարձել պետական միջոցներով ֆինանսավորվող ամառային ճամբարների (մասնավորապես՝ Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարի) կազմակերպման հետ կապված խնդիրներն ու դրանցում արձանագրված անմխիթար պայմանները։