Այսօր Սևանա լճի օրն է. գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում երկրորդ անգամ։ Այս մասին սոցցանցերում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը:
«Հունիս ամսվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 18 սմ-ով, ինչը 1927 թվականից իրականացվող դիտարկումների պատմության երկրորդ ամենաբարձր հունիսյան ցուցանիշն է։ Ավելի մեծ բարձրացում հունիս ամսին արձանագրվել է միայն 1988 թվականին, որը համարվում է Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ամենաջրառատ տարին։
Մինչև 2026 թվականը Սևանա լճից բաց թողնված ջրի նվազագույն քանակը գրանցվել է 2002 թվականին՝ 99,46 մլն մ³։ Այս պահին առկա բոլոր դրական նախադրյալները վկայում են, որ 2026 թվականը կարող է դառնալ Սևանա լճից ամենաքիչ քանակությամբ ջրի բացթողմամբ տարի»։