00:00:00

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվարշավը

23:46, 29 օգոստոս 2026 Հասարակություն

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավին, որն անցկացվում է օգոստոսի 29-30-ին:

ՀՀ վարչապետի հովանու ներքո իրականացվող միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի ձևավորմանն ու զարգացմանը, խթանել հեծանվային մշակույթը և առողջ ապրելակերպը։ Միջոցառումն անցկացվում է  սեպտեմբերի 10-13-ը նախատեսված «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ:

Հեծանվարշավին մասնակցության հայտ է ներկայացրել 106 քաղաքացի, իսկ նախապատրաստական մարզումներից հետո հաստատվել է 86-ի մասնակցությունը: Մասնակիցները Սևանա լճի շուրջ նախատեսված երթուղին անցկացնում են սեփական մեխանիկական հեծանիվներով։ Առաջին օրը հեծանվորդներն անցել են շուրջ 138 կմ։ Երթուղին բաժանված է չորս հատվածի՝ մեկնարկից մինչև առաջին կանգառ՝ 35 կմ, առաջինից երկրորդ կանգառ՝ 33 կմ, երկրորդից երրորդ կանգառ՝ 35,4 կմ, իսկ երրորդ կանգառից մինչև գիշերակացի վայր՝ ևս 33 կմ։

Օրվա ավարտին վարչապետը հանդիպել է հեծանվարշավի մասնակիցների հետ խարույկի շուրջ։

Հեծանվային արշավը կշարունակվի նաև օգոստոսի 30-ին։ Նախատեսված երթուղին բաղկացած է երեք հատվածից՝ 24 կմ, 26,1 կմ և 28,7 կմ։ Այսինքն՝ երկրորդ օրը մասնակիցները կանցնեն շուրջ 79 կմ՝ հասնելով վերջնագծին Սևանի թերակղզում։

Երկու օրերի ընթացքում հեծանվորդները, ըստ նախնական երթուղու, ընդհանուր առմամբ կանցնեն շուրջ 215 կմ ճանապարհահատված՝ Սևանի շուրջը։ Ավարտական միջոցառման ընթացքում արշավի բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր