00:00:00

Հայաստանում սպասվում է եղանակային փոփոխություն. տապին կփոխարինեն անձրևն ու հարաբերական զովությունը

14:15, 13 հուլիս 2026 Հասարակություն

Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանի տարածքում մթնոլորտային շրջանառությունը կլինի փոփոխական։ Հուլիսի 13-ից 15-ը հանրապետությունը դեռ կշարունակի գտնվել հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի հետևանքով կպահպանվի բարձր ջերմային ֆոնը, հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Ամենատաք գոտին կրկին կլինի Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ հուլիսի 13-ից 15-ին ստվերում ցերեկային ժամերին կանխատեսվում է 36-ից 38 աստիճան տաքություն», - ասել է Սուրենյանը։

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան իրավիճակը կփոխվի, քանի որ տաք օդային հոսանքները կնահանջեն դեպի հարավ՝ տեղը զիջելով հյուսիս-արևմուտքից՝ Սև ծովի կողմից ներթափանցող համեմատաբար սառը օդային հոսանքներին։ Այս սառը հոսանքների ներհոսքը կտևի մինչև հուլիսի 18-ը ներառյալ։

Հուլիսի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, հուլիսի 15-ի հետ համեմատ, հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին կնվազի 4-ից 5 աստիճանով։

Ինչ վերաբերում է տեղումներին, ապա մինչև հուլիսի 14-ը երկրի ողջ տարածքում կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Լոռի-Տավուշ հատվածում կդիտվի փոփոխական ամպամածություն։ Փոփոխությունները կսկսվեն հուլիսի 15-ի ուշ երեկոյան և կշարունակվեն հաջորդող օրերին։

«Հանրապետության առանձին հատվածներում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Հնարավոր է նաև կարկուտ»,– զգուշացնում է օդերևութաբանը։

Հուլիսի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ուշ երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ հնարավոր են նաև Երևանի առանձին հատվածներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր