00:00:00

Բանգլադեշում ջրհեղեղներն ու սողանքները առնվազն 50 մարդու կյանք են խլել

22:21, 12 հուլիս 2026 Աշխարհ

Բանգլադեշում վերջին շաբաթվա ընթացքում առնվազն 50 մարդ է զոհվել հզոր մուսոնային տեղատարափների պատճառով, որոնք առաջացրել են լայնածավալ ջրհեղեղներ և սողանքներ։ Տասնյակ հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, հայտնում է AFP-ն։

Ամենից շատ տուժել է երկրի հարավ-արևելքում գտնվող Չատտոգրամի շրջանը, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է 50 մարդ, այդ թվում՝ 29-ը դարձել են սողանքների զոհ։ Եվս երկու բնակիչ համարվում է անհետ կորած։

Մոտ 35 հազար մարդ տեղավորվել է ժամանակավոր կացարաններում։ Իշխանությունները բացել են տարհանվածների համար մոտ 4 հազար տեղավորման կետ, սակայն բազմաթիվ շրջաններում շարունակում է պահպանվել սննդի և խմելու ջրի պակասը։

Զինվորականներն ու սահմանապահները նավակներով մարդասիրական օգնություն են հասցնում այն բնակավայրեր, որոնք ջրհեղեղների պատճառով կտրված են արտաքին աշխարհից։

Ողբերգություններից մեկը դարձավ Մոհամմեդ Ֆորկանի ընտանիքի պատմությունը, որը զոհվել է տարերային աղետի ժամանակ։ Տեղական գերեզմանատան ջրածածկ լինելու պատճառով նրա հարազատները չկարողացան կատարել նրա վերջին ցանկությունը՝ հուղարկավորել նրան ծնողների կողքին։ Մարմինը ստիպված են եղել տեղափոխել բամբուկե լաստով և հուղարկավորման համար ցամաքի հատված փնտրել։

Անցյալ շաբաթ ևս 15 մարդ է զոհվել Քոքս-Բազարի շրջանում գտնվող ռոհինջա փախստականների ճամբարներում տեղի ունեցած սողանքների հետևանքով։ Այնտեղ ավելի քան 1,2 մլն փախստական ապրում է բլուրների լանջերին գտնվող խիտ բնակավայրերում, որտեղ անտառահատումից հետո հողը մուսոնների ժամանակ հատկապես անկայուն է դառնում։

Բանգլադեշը մուսոնների սեզոնին պարբերաբար բախվում է ավերիչ ջրհեղեղների։ Գիտնականները նշում են, որ կլիմայի փոփոխությունն ուժեղացնում է ծայրահեղ եղանակային երևույթների հաճախականությունն ու ինտենսիվությունը։

Երկրի Ջրհեղեղների կանխատեսման և նախազգուշացման կենտրոնի տվյալներով, հարավ-արևելյան շրջաններում իրավիճակը շուտով կարող է բարելավվել, սակայն ակտիվ մուսոնները շարունակում են նոր ողողումների վտանգ պահպանել հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր