Սկոպյեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-20 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն աչքի են ընկնում տպավորիչ ելույթներով: Հայաստանի հավաքականի անդամ, 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը նվաճել է մրցաշարի եզրափակչի ուղեգիր։
Կիսաեզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Մուհամեդ Աբասզադեն էր։ Լարված ու համառ պայքարում գոտեմարտի հաշիվը հավասարվեց՝ 1-1, սակայն լրացուցիչ ցուցանիշների առավելությամբ հաղթանակը շնորհվեց մեր մարզիկին:
Հատկանշական է, որ մինչև կիսաեզրափակիչ հասնելը Եփրեմյանը գորգում պարզապես անկասելի էր՝ մրցակիցներին չզիջելով ոչ մի միավոր։
1/8 եզրափակչում նա 10-0 հաշվով վստահորեն հաղթել էր իսրայելցի Տոմեր Դրոժնյակին, իսկ քառորդ եզրափակչում 11-0 հաշվով ջախջախել էր Էստոնիայի ներկայացուցիչ Նիկոլայ Տարասովին։
Ոսկե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում Եփրեմյանը վաղը կչափի ուժերը Ռուսաստանը ներկայացնող Իսմայիլ Խանիևի հետ։
Այսօր մրցաշարում փայլուն է հանդես գալիս նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 65 կգ քաշային Արեն Հայրապետյանը։
Նա ևս հաջողությամբ հաղթահարել է բոլոր արգելքներն ու նվաճել եզրափակչի ուղեգիր, որտեղ չեմպիոնի կոչման համար կգոտեմարտի Մոլդովայի ներկայացուցչի հետ։