00:00:00

Նեթանյահուի խորհրդականները քննարկում են Իսրայելի Գերագույն դատարանի որոշումն անտեսելու հնարավորությունը

21:52, 02 հուլիս 2026 Աշխարհ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խորհրդականները դիտարկում են նրան խորհուրդ տալու տարբերակը՝ չենթարկվել Գերագույն դատարանի որոշմանը, որը անվավեր է ճանաչել ՝ Միխայել Ռաբելոյին պետական վերահսկողի պաշտոնում ընտրելու վերաբերյալ Քնեսեթի քվեարկությունը, և պարտավորեցրել է նոր քվեարկություն անցկացնել, գրում է Ynet-ը։

Պարբերականի տվյալներով՝ ներկայում խորհրդակցություններ են ընթանում Քնեսեթի նախագահ Ամիրամ Օհանայի հետ, որոնց ընթացքում քննարկվում է դատական որոշումը փաստացիորեն անտեսելու հնարավորությունը։

Փորձագետները նախազգուշացնում են, որ նման քայլը կարող է հանգեցնել սահմանադրական ճգնաժամի, որի դեպքում պետական ինստիտուտները կհայտնվեն անորոշության իրավիճակում՝ կատարե՞լ դատարանի, թե՞ խորհրդարանի որոշումները։

Ավելի վաղ Գերագույն դատարանը, չեղարկելով քվեարկության արդյունքները, խորհուրդ էր տվել կրկնակի ընտրություններ անցկացնել «պատշաճ և թափանցիկ ձևով», սակայն Օհանան հրաժարվել է հետևել այդ հանձնարարականին։

Կառավարող կոալիցիայի առանձին ներկայացուցիչներ, նրանց թվում՝ կապի նախարար Շլոմո Կարաին, ավելի վաղ հանդես էին եկել դատարանի հնարավոր որոշմանը չենթարկվելու կոչերով։

Ընդդիմությունում պաշտպանել են Գերագույն դատարանի որոշումը։ Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ իր դաշինքը «այսուհետ ևս կպաշտպանի օրենքի գերակայությունը»։

Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը կատարվածն անվանել է պետական գործերի կառավարման մեջ կոալիցիայի հերթական ձախողումը, իսկ Դեմոկրատների կուսակցության ղեկավար Յաիր Գոլանն ընդդիմությանը կոչ է արել դատարանի նշանակած նոր քվեարկությունից առաջ միավորվել պետական վերահսկողի պաշտոնի միասնական թեկնածուի շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր