Կիոկուշին կարատեի Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկներից է Վահագն Հակոբյանը։ 22-ամյա մարզիկը միջազգային մրցումներում նվաճած բազմաթիվ մեդալներից բացի հասցրել է արժանանալ սենսեյի կոչման և ունի սև գոտի երրորդ դան։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում Վահագն Հակոբյանը պատմել է, թե ինչու է ընտրել այս մարզաձևը և ինչ կարևոր որակներ է այն զարգացնում մարզիկների մեջ։ «Կիոկուշին կարատեի սկսել եմ հաճախել 4 տարեկանից։ Հայրս՝ Անդրանիկ Հակոբյանը, այդ ժամանակ արդեն իսկ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահն էր։
Բնականաբար հենց իր մոտ էլ մարզվել եմ։ Կիոկուշին կարատեն ուժ, ճկունություն, տոկունություն և դիմադրողություն կերտելուն զուգահեռ մարդու մեջ ձևավորում է նպատակասլացություն, կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու՝ պայքարելու և հաղթելու ձգտում ոչ միայն սպորտում, այլ նաև կյանքում»,- նշել է Վահագն Հակոբյանը։ Ապրիլին Երևանում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունում Վահագն Հակոբյանը դարձել էր ոսկե մեդալակիր՝ ավելացնելով իր մեդալների հավաքածուն։
«Արդեն 18 տարի է, ինչ զբաղվում եմ այս մարզաձևով և այդ ընթացքում ունեցել եմ բազմաթիվ հաղթանակներ։ Դարձել եմ Հայաստանի 8-ակի չեմպիոն, Կովկասի 8-ակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների մրցանակակիր, միջազգային մրցաշարերի մեդալակիր, լավագույն նոկաուտյոր և լավագույն մենամարտիկ։ Յուրաքանչյուր հաղթանակ շատ դժվար է ձեռք բերվել, յուրաքանչյուրին պատրաստվել եմ մեծ պատասխանատվությամբ։ Բացառություն չէր նաև Աշխարհի գավաթը, որտեղ ես նվաճեցի չեմպիոնի տիտղոսը։ Ինձ համար շատ սպասված մրցաշար էր և շատ կարևոր էր հաղթելը։
Մարզվելուն և մրցաշարերի մասնակցելուն զուգահեռ սովորում եմ երկու համալսարաններում՝ Հայաստանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկություն ֆակուլտետում և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կարատեի ֆակուլտետում։ Իհարկե, հեշտ չէ այս ամենը համատեղելը, բայց երբ ունես ցանկություն, ամեն բան կարողանում ես ճիշտ համատեղել»,- նշել է Վահագն Հակոբյանը։

