00:00:00

Ոստիկանները գնացել են Սեյրան Օհանյանի տուն, տեսել են տանը չի՝ հետ են եկել

15:13, 19 հունիս 2026 Իրավական

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ  Մարտի մեկի գործով նախորդ դատական նիստին ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, ներկայումս «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը չէր ներկայացել և այդ պատճառով դատարանը որոշել էր Սեյրան Օհանյանին հաջորդ դատական նիստին հարկադրաբար դատարան ներկայացնել։ 

Այսօր այս գործով դատական նիստը շատ կարճ է տևել և ապա հետաձգվել է։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Սեյրան Օհանյանին բերման չեն ենթարկել դատարան, փոխարենը Օհանյանը բժշկից տեղեկանք է ներկայացրել դատարանին՝ սահմանված կարգով։ Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը պատշաճ չի իրականացրել հարկադրաբար դատարան ներկայացնելու պահանջները, փոխարենը գնացել են Վահագնի թաղամաս, տեսել են, որ Օհանյանը տունը չի, հետ են եկել։

Սեյրան Օհանյանի կողմից՝ դատարան բժշկի կողմից տեղեկանք ներկայացնելու փաստը մեզ հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն դատարանից։

Նշենք, որ այս գործով դատավորը Սարգիս Պետրոսյանն է։ Նա մի շարք աղմկահարույց քրեական գործերով դատավոր է։ Պետրոսյանը նախորդ տարեվերջին Սամվել Կարապետյանին կալանքից ազատ արձակող դատավորն է։

Հիշեցնենք, որ 2018-ի հայտնի իրադարձություններից հետո, 10 մարդու կյանք արժեցած հետընտրական արյունալի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին։

Նրանց փաստաբանները, սակայն, շարունակաբար պնդում էին, որ այդ հոդվածը հակասահմանադրական է։ Նույնը եզրահանգել էր Սահմանադրական դատարանը, ինչից հետո գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն արդարացրել էր ամբաստանյալներին՝ ոչ թե ապացուցելով նրանց անմեղությունը, այլ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը:

Արդարացումից երեք տարի անց Քոչարյանն ու նրա նախկին երեք բարձրաստիճան ենթակաները՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը, 2008-ի մարտի 1-ի գործով դարձյալ դատարանի առջև են կանգնած։ Վճռաբեկ դատարանն է բեկանել դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր