ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվել է Մարտի մեկի գործով դատական նիստը։
Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ դատական նիստին ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, ներկայումս «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը չէր ներկայացել և այդ պատճառով դատարանը որոշել է Օհանյանին հաջորդ դատական նիստին հարկադրաբար դատարան ներկայացնել։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանը։
Նշենք, որ այս գործով դատավորը Սարգիս Պետրոսյանն է։ Նա մի շարք աղմկահարույց քրեական գործերով դատավոր է։ Պետրոսյանը նախորդ տարեվերջին Սամվել Կարապետյանին կալանքից ազատ արձակող դատավորն է։
Հիշեցնենք, որ 2018-ի հայտնի իրադարձություններից հետո, 10 մարդու կյանք արժեցած հետընտրական արյունալի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին։
Նրանց փաստաբանները, սակայն, շարունակաբար պնդում էին, որ այդ հոդվածը հակասահմանադրական է։ Նույնը եզրահանգել էր Սահմանադրական դատարանը, ինչից հետո գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն արդարացրել էր ամբաստանյալներին՝ ոչ թե ապացուցելով նրանց անմեղությունը, այլ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը:
Արդարացումից երեք տարի անց Քոչարյանն ու նրա նախկին երեք բարձրաստիճան ենթակաները՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը, 2008-ի մարտի 1-ի գործով դարձյալ դատարանի առջև են կանգնած։ Վճռաբեկ դատարանն է բեկանել դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։