UFC-ի թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ հայտնի կդառնա աշխարհի առաջատար պրոմոուշենում իր հաջորդ մենամարտի օրը։ Նրա խոսքով՝ մանրամասները պարզ կդառնան հունիսի 14-ին ԱՄՆ Սպիտակ տանը կայանալիք մրցաշարից հետո։ Գրում է armsport.am-ը։
«Սպասում եմ Սպիտակ տան մրցաշարին։ Երբ բոլորը մենամարտեն, UFC-ում կհայտարարեն իմ հաջորդ մենամարտի մասին։ Հնարավոր է՝ դա լինի սեպտեմբերին, հոկտեմբերին կամ այս տարվա վերջին։ Կախված է նրանից, թե ով կհաղթի։ Եթե հաղթող դառնա Իլիա Թոփուրիան, հնարավոր է՝ մենամարտենք տարեվերջին։ Եթե հաղթի Գեյջին, ապա՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին», — ասել է Ծառուկյանը RAF-ի մամուլի ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ 29-ամյա Ծառուկյանը RAF-ի շրջանակում իր հաջորդ մենամարտերն անցկացնելու է UFC-ի նախկին մարտիկների հետ։ Արդեն հունիսի 13-ին նրա մրցակիցը կլինի լեգենդար ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնը, իսկ հուլիսի 18-ին հայ մարտիկն ուժերը կչափի Քոլբի Քովինգթոնի հետ։