Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կայացած Ավանդական Ուշուի՝ Թայձիցյուան ու Թայձիծյեն 42 (թրով ելույթ) մրցաձևի աշխարհի 5-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Տանյա Հովհաննիսյանը կրկնակի բրոնզե մեդալ է նվաճել։ Երկու մրցաձևերում էլ հայ մարզուհին երրորդ տեղն է գրավել։
Մրցաշարի մրցավարական կազմում էին նաև Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային կարգի մրցավար Արամ Այդինյանը։ Հայաստանի պատվիրակությունը մրցավայր էր մեկնել Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ։
Թայձիցյուանը ուշուի վարժահամալիրային ոճերից է, որն առանձնանում է շարժումների սահունությամբ և ներդաշնակությամբ։ Թայձիցյուան ոճն ընդգրկվել է այս տարի Դակարում կայանալիք երիտասարդների օլիմպիական խաղերում: