ՖԻՖԱ-ն չի դիտարկում ԱԱ-2026-ում Իրանի ազգային հավաքականին Իտալիայով փոխարինելու սցենարը՝ չնայած ավելի վաղ հնչած առաջարկություններին: Այս մասին հայտնում է բրիտանական BBC-ն:
Ավելի վաղ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Պաոլո Զամպոլին։ Վերջինս հայտարարել էր, որ Իտալիայի հավաքականը՝ որպես աշխարհի քառակի չեմպիոն, կարող է տեղ ստանալ գլխավոր մրցաշարում անգամ առանց որակավորման փուլն անցնելու։
Սակայն ՖԻՖԱ-ում այս գաղափարն աջակցություն չի ստացել։ Կառույցի ղեկավար Ջանի Ինֆանտինոն ավելի վաղ հատուկ ընդգծել էր, որ Իրանի հավաքականը «հաստատ կմասնակցի» մրցաշարին։
Այդուհանդերձ, Իրանի մասնակցության շուրջ որոշակի լարվածություն է պահպանվում՝ պայմանավորված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով և ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ հակամարտության ֆոնով։ Չնայած սրան, Թեհրանում վստահեցնում են, որ իրենց թիմն ամբողջովին պատրաստ է և ծրագրում է հանդես գալ առանց որևէ սահմանափակումների։
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին և կհյուրընկալվի միանգամից երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի կողմից։ Ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգի՝ ֆորսմաժորային իրավիճակներում հնարավոր է մասնակիցների փոխարինում, սակայն այս պահի դրությամբ նման հիմքեր պաշտոնապես չեն հայտարարվել։