Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում նվաճեց արծաթե մեդալ:
Հայաստանի հավաքականի առաջատարը հենացատկի վարժության եզրափակիչում վաստակեց 14.583 միավոր: Ոսկե մեդալակիր դարձավ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, բրիտանացի Հարի Հեփվորֆը, որը Դավթյանին գերազանցեց 0,033 միավորով (14.616 միավոր):
Այս վարժությունում բրոնզե մեդալակիր դարձավ աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ուկրաինացի Նազար Չեպուրնին՝ 14.583 միավոր:
Արթուր Դավթյանը որակավորման փուլում վաստակել էր նույնքան միավոր՝ 14.583 եւ առաջին տեղից դուրս եկել եզրափակիչ:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում պայքարն ավարտեց երեք մեդալով՝ մեկական ոսկի, արծաթ եւ բրոնզ:
Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում դարձավ ոսկե մեդալակիր: Նա երկրորդ փուլում անընդմեջ հավասարը չունեցավ նժույգ թափեր վարժությունում՝ վաստակելով 14.733 միավոր։
Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ:
Ավետիսյանը ճանաչվեց նաեւ 2026 թ. աշխարհի գավաթակիր օղակների վարժությունում: