00:00:00

Անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու հայրենավնաս, ազգակործան երևույթները. Ամենայն Հայոց Կաթողիկոս

22:29, 11 ապրիլ 2026 Քաղաքականություն

Ն․Ս․Օ․Տ․Տ․  Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Սփյուռքի զորաշարժի համաժողովի առիթով.   

«Համաժողովի հարգարժան մասնակիցներ,

Համայն հայության հոգևոր կենտրոն Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Սփյուռքի զորաշարժի համաժողովի մասնակիցներիդ։ Ողջունում ենք կարևոր այս նախաձեռնությունը, որը կոչված է քննարկելու մեր ազգի առջև ծառացած ծանր ու դժվարին հիմնախնդիրները, հստակեցնելու դրանց դիմագրավման ուղիներն ու մեր համազգային առաջնահերթությունները, վերարժևորելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։

Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև։ Խորը մտահոգություն են առաջ բերում մեր ազգային կյանքում պառակտվածությունը, ատելության սերմանումը, ազգային կառույցների թիրախավորումը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների խաթարված վիճակը։ Եկեղեցու, հայկական բոլոր կազմակերպությունների նպատակը նույնն է՝ համախմբել ազգային ներուժը, անվտանգ ու ապահով դարձնել համայն հայության հայրենիքը, բարվոքել Հայաստան-Սփյուռք գործակցությունը, անխաթար պահպանել ազգային ինքնությունը:

Համաժողովին մասնակից ավանդական կազմակերպությունները, ազգային միություններն ու գործիչները, որոնք ներկայացնում են հայության տարբեր հատվածներ, մեր Սուրբ Եկեղեցու օրհնության ներքո անժխտելի ներդրում են ունեցել հայոց անկախ պետականության վերականգնման և Սփյուռքի կենսունակության պահպանման նվիրական գործում։ Անբեկանելի ճշմարտություն է, որ հայության և հայկականության հարատևության երաշխիքը լեզուն, հավատքը, ազգային դպրոցն է, հայրենի անկախ ու ինքնիշխան պետությունը, որի հատուկ հոգածության և ուշադրության ներքո պիտի գտնվեն նաև Սփյուռքը և Սփյուռքի առաջնային կարիքները։ Եվ, հետևաբար, Հայոց պետության պահպանությունն ու զորացումը այսօր էլ աշխարհասփյուռ մեր ժողովրդի առաջնային հանձնառությունն է։ Հարկ է հոգ տանել նաև, որ յուրաքանչյուր հայ, չտրվելով օտար գաղափարների և ազդեցությունների, շարունակի իր ողջ էությամբ ու հոգով, դավանած արժեքներով կապված մնալ իր ազգին ու հայրենիքին և իր կարողություններն ու շնորհները ի սպաս դնի մեր ժողովրդի և հարազատ երկրի առաջընթացին։

Պատմական տարբեր հանգամանքների բերումով աշխարհի տարբեր երկրներում ձևավորված Սփյուռքի համայնքների կազմակերպվածությունը պետք է միասնական ուժի և զորության վերածենք՝ հանուն ազգի ու հայրենիքի շահերի պաշտպանության։ Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության։ Միմիայն Հայաստան-Սփյուռք փոխադարձ աջակցությամբ է հնարավոր հաստատուն ու բարօր պահել մեր ժողովրդի կյանքը՝ հիմնված նախնյաց սրբազան ժառանգության և միևնույն արժեհամակարգի վրա:

Այս առումով, սիրելիներ, կարևոր առաքելություն ունեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ազգային մեր կառույցներն ու հաստատությունները, որպեսզի երբեք չտկարանա ու չխամրի աշխարհասփյուռ հայորդյաց ազգային-հոգևոր ինքնությունը և անսասան մնա հայոց պետությունը։ Անհրաժեշտ է վերաիմաստավորել ազգային կյանքի մերօրյա ընթացքները և համախոհության մեջ գործուն միջոցներ ձեռնարկել կասեցնելու հայրենավնաս, ազգակործան երևույթները։ Այսպիսի համաժողովներն ու խորհրդակցությունները կարևոր քայլ են վերոհիշյալ հիմնախնդիրների հաղթահարման և լուծման ճանապարհին։

Զատկական այս օրերին Հայրապետիս աղոթքն է, որ Բարձրյալն Աստված իմաստություն շնորհի պետությունների ղեկավարներին՝ խաղաղությունը վերահաստատելու աշխարհում և մարդկության կյանքում։ Թող Փրկիչ մեր Տերը ապահով ու անվտանգ պահպանի հայրենի մեր երկիրը և Իր Սուրբ Հարության լույսով պայծառացնի համայն մեր ժողովրդին՝ անշեղորեն ընթանալու աստվածահաճո, բարեբեր ուղիներով և տերունավանդ հավատով կերտելու հայոց նորոգյալ կյանքն ու լուսավոր գալիքը։

Մեր գնահատանք ենք բերում համաժողովի աշխատանքների կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներին և մաղթում արդյունավոր ընթացք։

Օրհնությամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Փարիզ, ապրիլի 11-12, 2026 թ․»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր