00:00:00

Կառավարության որոշմամբ՝ կիրականացվի համայնքների միավորման 8-րդ փուլը. կձևավորվեն խոշորացված 3 համայնքներ՝ 3 մարզերում

17:14, 12 մարտ 2026 Քաղաքականություն

Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, այն վերաբերում է համայնքների միավորմանը, որի 8-րդ փուլն է նախատեսվում:

Ըստ այդմ՝ առաջարկվում է միավորել 9 համայնք 80 բնակավայրով և ձևավորել խոշորացված 3 համայնքներ 3 մարզերում: Երեք խոշորացված համայնքներն են Ստեփանավան համայնքը Լոռու մարզում, որը ներառում է ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի բերդ համայնքները, ընդհանուր՝ 20 բնակավայր, Գորիս համայնքը՝ Սյունիքի մարզում, որը ներառում է ներկայիս Գորիս, Տաթև և Տեղ համայնքները, ընդհանուր՝ 28 բնակավայր, և Եղեգնաձոր համայնքը՝ Վայոց ձորի մարզում, որը ներառում է Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները, ընդհանուր՝ 32 բնակավայր: Ըստ նախարարի՝ փոփոխությունն իրականացնելուց հետո ՀՀ համայնքների ընդհանուր թիվը 70-ի փոխարեն կդառնա 64:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է. «Չկա գեթ մեկ դեպք, երբ համայնք խոշորացված լինենք, հետո մտածենք, թե ինչի այսպես արեցինք, պետք էր չանել սա: Ընդհակառակը՝ մենք, առանց բացառության, բոլոր դեպքերում,  տեսնում ենք շատ կոնկրետ ազդեցություն համայնքի, բնակավայրերի կյանքի, սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա: Օրինակ՝ խոշորացված համայնքների սուբվենցիոն կարողություններն էականորեն և անգամներով մեծանում են, և սա շատ կարևոր արձանագրում է»:

Վարչապետի դիտարկմամբ, մասնավորապես՝ բաշխումներ անելու հնարավորությունն է մեծանում, Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով և դոտացիաներով ավելի մեծ ֆինանսավորում է իրականացնում: «Եկեք արձանագրենք, որ նախորդող շրջանում խոշորացման արդյունքում որևէ մտավախություն չարտահայտվեց, ոչ մի գյուղ իր անունը չկորցրեց, ոչ մի գյուղ իր ինքնությունը չկորցրեց, իր ավանդույթը չկորցրեց և այլն: Ընդհակառակը՝ երևացին աշխատանքներ: Կառավարության համար էլ է հեշտ: Կառավարության համար ավելի հեշտ է աշխատել 60 համայնքի ղեկավարի հետ, քան՝ 600, 800 համայնքների ղեկավարների հետ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր