ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․
«Սիրելի՛ կանայք եւ աղջիկներ,
Շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:
Եթե նախորդ տարիներին մենք խոսում էինք կանանց դերն ու ներգրավվածությունը պետական կառավարման եւ հասարակական-քաղաքական կյանքի այլ ոլորտներում մեծացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի անհրաժեշտության մասին, այսօր մենք հասել ենք մի հանգրվանի, երբ դա արդեն իրողություն է: Կանայք այլեւս զգալի չափով ու ծավալով ինտեգրված են մեր հասարակական-քաղաքական կյանքի տարբեր կարեւոր ոլորտներում` ստանձնելով պատասխանատու որոշումներ կայացնողի դերը:
Այս գործընթացը շարունակական է, եւ արդեն ձեւավորված հիմքերը թույլ են տալիս վստահորեն առաջ շարժվել՝ ամրապնդելով կանանց դերակատարությունը հանրային կյանքի տարբեր մակարդակներում: Կարեւոր է, որ այսօր կանայք հանդես են գալիս ոչ միայն որպես մասնակցող, այլեւ նախաձեռնող ուժ՝ լիարժեք իրացնելով իրենց ներուժը եւ նպաստելով երկրի զարգացմանը:
Սիրելի՛ կանայք եւ աղջիկներ, կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ` շնորհակալությունս եմ հայտնում ձեր նվիրվածության ու մշտապես ցուցաբերվող նախաձեռնողականության համար եւ մաղթում ջերմություն, երջանկություն ու անկոտրում կամք ձեր բոլոր նախաձեռնություններում:
Շարունակեք աշխարհը լցնել սիրով եւ ջերմությամբ»: