\
Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, կարճել է գեներալներ Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից որպես գույքային վնաս 4 մլրդ 370 մլն 985,000 դրամի բռնագանձման գործը՝ բավարարելով պատասխանող կողմի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, գրում է «Փաստինֆո»-ն:
Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից և ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանից պահանջում են շուրջ 4,5 մլրդ դրամ բռնագանձել՝ իբրև որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում։ Հայցադիմումը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան մուտքագրվել է 2025 թվականի մարտի 17-ին և նույն օրը մակագրվել դատավոր Լիլի Դրմեյանին։
Նշենք, որ քրեական գործը, որով փոխհատուցման հարց է բարձրացվել, ևս մուտքագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել դատավոր Մասիս Մելքոնյանին։ Այն վերաբերում է պաշտոնեական անփութությանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Պաշտպանության կողմը պնդել է, որ քրեական գործով արդեն իսկ անցել են վաղեմության ժամկետները, իսկ գեներալները մեղադրանքը չեն ընդունում։ Ընդ որում, պաշտպանության կողմը նաև կասկածներ ունեն, որ ի սկզբանե՝ քրեական գործը դատարան ուղարկելու նպատակը եղել է քաղհայցով պետությանը պատճառված ենթադրյալ վնասի բռնագանձման հարց բարձրացնելը, ինչն էլ փաստացի արվել է։
Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումի շրջանակներում դատարանը հայցի ապահովում էր կիրառել՝ արգելանք դնելով Հակոբյանի և Հարությունյանի գույքի վրա՝ շուրջ 4,5 մլրդ դրամի չափով։ Ամիսներ անց, սակայն, գործը կարճվել է։ Որոշումը դատարանը կայացրել է 2025թ․ դեկտեմբերին՝ բավարարելով կողմի միջնորդությունը։ «Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Վերաքննիչ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը՝ դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Արմիդա Ոսկանյանի և Դիանա Հովհաննիսյանի, փետրվարի 19-ին բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել։