00:00:00

«Մեր հարցումներն արձանագրել են տրամագծորեն հակառակ պատկեր». 2-րդ նախագահի գրասենյակը հակադարձում է

20:40, 03 մարտ 2026 Քաղաքականություն

Ազատությունը գրում է․ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ երկրորդ նախագահի առաջնորդած ուժը հունիսին կայանալիք ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունի:

«Քոչարյանն այլ բան ունի անհանգստանալու՝ հաջորդ պառլամենտական ընտրություններին ինքը հատելո՞ւ է շեմը Դաշնակցության հետ և հայտնվելու խորհրդարանում, թե՞ իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որ հայկական դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու։
Իմ տվյալներով՝ միանշանակ ինքն այդ խնդիրն ունի», – այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահը:

Թե որտեղից իրեն այդ տվյալները, խորհրդարանի խոսնակը չբացահայտեց: Բայց պնդեց, թե 2021-ին Քոչարյանին ձայն տվածների մեծ մասը հունիսին կայանալիք ընտություններում այլևս երկրորդ նախագահի օգտին չի քվեարկելու: Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ Քոչարյանի ընտրազանգվածի մեծ մասն իր ձայնը տալու է ընդդիմադիր այլ ուժի:

«Այսինքն՝ պառլամենտ անցնելու խնդիր ունի, թող դրանով զբաղվի: Ես վստահ եմ, որ 2-3 ընդդիմադիր ուժ կարող է հատել անցողիկ շեմը, որոնցից երկուսը ակնհայտ կա՛մ չեն հատելու, կա՛մ դժվարությամբ են հատելու: Այսինքն՝ լինելու է մի հատ մեծ որևիցե ուժ, դա արդեն ընտրարշավը ցույց կտա: Կարծում եմ, որ կա՛մ նոր ստեղծված «Մեր ձևով» տարբերակն է, կա՛մ Ծառուկյանի տարբերակն է: Իրենք երկուսով են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար: Իրենքն երկուսն էլ ձայն են տանելու և ձայն են տարել «Հայաստան» դաշինքի ընտրազանգվածից: Իրենք են իրար հետ մրցելու, թե ով առաջին տեղը կգրավի», – վստահ է իշխող ուժի ներկայացուցիչը:

Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքում են
Ի պատասխան Ալեն Սիմոնյանի այս պնդումներին՝ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենց հարցումները բոլորիվ հակառակ պատկերն են արձանագրել:

«Մենք Հայաստանում արել ենք շատ մեծ ընտրանքով թարմ հարցումներ, որոնք արձանագրել են Ալեն Սիմոնյանի նշած պատկերի տրամագծորեն հակառակ արդյունքը: Իսկ գետնի վրա արդյունքը կտեսնենք հունիսի 7-ին: Գրեթե վստահ եմ, որ մոտ օրերս իշխանությունների կողմից ուղղորդված տարբեր հարցումներ կհայտնվեն, սակայն իրականությունը տրամագծորեն հակառակն է», – նշեց Միկոյանը:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի փոխանցմամբ՝ այսօր սոցհարցումները դարձել են ոչ թե հանրային կարծիքի չափման, այլ հանրային կարծիքի վրա ազդելու միջոց: Ի դեպ, Բագրատ Միկոյանը նաև տեղեկացրեց, որ մարտի կեսերին կհայտարարվի «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի մասին:

Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում ասել էր, թե վարչապետի հավանական թեկնածուն ինքն է, բայց վերջնական որոշումը կայացնելու են սոցհարցումներից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր