Մենք որևէ ծրագիր չունենք, և մտահոգություններ էլ չունենք՝ կապված ռուսական ռազմաբազայի ներկայության հետ. Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում պատասխանելով ներկաների հարցերին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայությանը։
«Մենք սերտ գործընկերներ ենք Ռուսաստանի հետ և շատ սերտ տնտեսական, քաղաքական կապեր ունենք»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ մինչև 2024 թ․ ՀՀ սահմանային անցակետերի մեծ մասը գտնվում էին ՌԴ-ի հսկողության ներքո կամ այնտեղ կար ռուս սահմանապահների ներկայություն, այսօր բոլոր սահմանային անցակետերը վերահսկվում են ՀՀ սահմանապահների կողմից։
Փաշինյանը նշեց, որ, իհարկե, ՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որի որոշումը 2020 թ․ իրադարձությունների հետ է կապված։
«Հայաստանը հիասթափված էր ՀԱՊԿ-ից, քանի որ ունենալով իրավական պարտավորություն՝ ՀԱՊԿ-ը հավուր պատշաճի չարձագանքեց անվտանգության մարտահրավերներին, որոնք ՀՀ-ի համար կային»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ մյուս կողմից իրենք հայտարարում են, որ ՀՀ հարաբերությունները ՌԴ-ի հետ վերափոխման փուլում են։
«Ներկայումս նոր հարաբերություններ են ձևավորվում ՌԴ-ի հետ, վճռական ենք և կցանկանայինք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները»,- ասաց նա։
Վարչապետը նաև շեշտեց 2020-ի նոյեմբերի 9-ին ՌԴ-ի և ՌԴ նախագահի դերի մասին, որը, ըստ նրա՝ վճռորոշ եղավ հրադադարի հաստատման գործում։
«Իհարկե, դրանից հետո եղան ստորագրված փաստաթղթի տարաբնույթ մեկնաբանություններ։ Այն վերածվեց հռչակագրի, որն Ադրբեջանի հետ ընդունեցինք Վաշինգտոնում»,- ասաց նա։