Օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ, տեղի են ունեցել քննարկումներ և որոշում է կայացվել կասեցնել ջրամատակարարման ժամանակացույցի գործողությունը։ Այս մասին «Լուրեր»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Արտավազդ Ղալամքարյանը։
«Ակնկալվում է, որ առաջիկա երկու շաբաթում լրացուցիչ ուսումնասիրություններ կիրականացվեն Ջրային կոմիտեի, ՀԾԿՀ-ի և Վեոլիա ջուր ընկերության կողմից և արդյունքում մենք կունենանք լավարկված, բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։
Ինչու ենք կարծում, որ մենք դրա հնարավորությունն ունենք, քանի որ 2024-ից մեկնարկել են կապիտալ աշխատանքների լայնածավալ ծրագրեր, ունենք տարեկան ծավալով գրեթե եռապատկված ծրագրեր, որոնց արդյունքը տեսանելի կլինի 2026 թվականին։
Եռապատկված ծավալներով կապիտալ աշխատանքները և Երևան մղվող հնարավոր ջրածավալների ավելացումը նոր հայտնաբերված ջրաղբյուրների շնորհիվ հիմք են տալիս վստահ լինելու, որ 2026 թվականին խմելու ջրի մատակարարման ժամանակացույցն ավելի լավն է լինելու, քան մենք ունեցել ենք 2024-25 թվականներին»,- ասել է նա։