«Զայեդ» միջազգային մրցանակը ուղիղ և անուղղակի միջազգային հանրության աջակցության դրսևորում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և ներդրում է այդ խաղաղության գործում. ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ մրցանակը շնորհվում է խաղաղության ջանքերի համար, և առիթը ՀՀ–Ադրբեջան խաղաղության հաստատումն է, որը նա և Ադրբեջանի նախագահ Ալիևը կիսել են։
«Ե՛վ ՀՀ-ի, և՛ Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են այդ մրցանակը միջազգային հեղինակավոր լսարանի առաջ, ինչը նշանակում է, որ երկու կողմերը ևս մեկ անգամ բարձրագույն մակարդակով արձանագրում են, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն»,– ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ այս ամենը չի նշանակում, որ կոնֆլիկտի հետ կապված բոլոր խնդիրները լուծված են։
«Բայց կոնֆլիկտը ավարտված է, ինչը խնդիրների լուծման շատ կարևոր նախադրյալ է ստեղծում։ Պետք է կարողանալ այդ նախադրյալները ճիշտ օգտագործել, որովհետև երբեմն ակնհայտ թվացող գործողություններն արձագանքելու ամենաճիշտ տարբերակը չեն։ Նման իրավիճակներ ունեցել ենք»,– ասաց նա։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը հունվարի 19-ին հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են «Զայեդ» մրցանակի։ Մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամն ընդգծել էր Նիկոլ Փաշինյանի շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։
«Զայեդը» (լիարժեք անվանումը՝ Zayed Award for Human Fraternity) միջազգային մրցանակ է, որը հիմնադրվել է 2019 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններում՝ կաթոլիկ և իսլամական աշխարհի առաջնորդների նախաձեռնությամբ։ Այն կրում է ԱՄԷ-ի հիմնադիր առաջնորդի՝ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի անունը։