Ապաշրջափակման գործընթացի շրջանակում գործնականում չկա ճանապարհ կամ երկաթուղային ուղղություն, որի բացման կամ վերաբացման հարցը չքննարկվի։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, որը հետաքրքրվեց՝ արդյոք քննարկվել է Իջևանը ադրբեջանական երկաթուղուն կապող հատվածի վերականգնումը և դրա հնարավոր տնտեսական ազդեցությունը։
«Իհարկե քննարկվում է։ Բայց պետք է հաշվի առնենք, որ արդեն ավելի քան 30 տարի Հաղարծինի հատվածում սողանք կա, որը ընդհատել է երկաթուղին։ Դա լուծելի հարց է՝ կախված նրանից, թե ինչպիսի բեռնահոսքեր պոտենցիալ կանցնեն այդ տեղով»,– նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եթե երկաթուղին ցուցաբերի բեռնվածության և շահութաբերության բավարար հեռանկար, ապա վերականգնումը կարող է իրականություն դառնալ։
Վարչապետը նաև ներկայացրեց կառավարության կատարած ուսումնասիրությունների արդյունքները՝ նշելով, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին հենց Իջևանով անցնող ուղղությունն է։
«Եթե Իջևան-Հրազդան ճյուղը միացնենք Վանաձոր-Գյումրի ճյուղին, կստացվի, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ ճանապարհը կլինի Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Ջաջուռ-Գյումրի-Ախուրիկ ուղղությամբ։ Դա նաև ավտոմոբիլային առումով ամենակարճ ճանապարհն է»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ քննարկվում են բոլոր հնարավոր տարբերակները՝ սահմանից մինչև Իջևան, Ազատամուտից և սահմանից մինչև Կայանավան տարբերակները։
Նրա խոսքով՝ որոշումները կախված են տեխնիկական և տեխնիկատնտեսական հաշվարկներից, ինչպես նաև քաղաքական գործընթացներից։
«Որքան ինստիտուցիոնալ դառնա խաղաղությունը, այնքան ավելի հավանական կդառնա տարբեր սցենարների զարգացումը»,– եզրափակեց վարչապետը։