Եթե ՔՊ-ական չես, ուրեմն դու իրավունք չունես ընտրացուցակներում ներգրավվելու, այդ մարդկանց, նրանց մերձավորներին աշխատանքից ազատում են, էլ բռնաճնշումը ո՞նց է լինում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Արդեն 60-ից ավելի քաղբանտարկյալ կա, հիմա ուզում են էլի մի քանի տասնյակ ավելացնեն։ Սա մթնոլորտ ստեղծելու ձև է, բայց իմ խորին համոզմամբ իրենց մոտ ոչինչ չի ստացվելու, որովհետև մենք, մեր համախոհները, ընդդիմադիր դաշտի բոլոր մարդիկ լավ հասկանում են, որ վերարտադրվելուց հետո ինչ կանեն։ Հիմա են այսպես պահում իրենց, բա պատկերացնու՞մ եք, որ վերարտադրվեն, ինչ կանեն, երևի ընդդիմադիր ուժերին քվե տված մարդկանց հետևից արդեն կգնան, թե՝ ինչո՞ւ ես դու քո քվեն տվել ընդդիմադիր այս կամ այն ուժին, և դա էլ արդեն կքրեականացնեն։
Հիմա արդեն ոչ պաշտոնապես ընդդիմադիր լինելը Հայաստանում քրեականացված է, եթե դու ընդիմադիր ես, արդեն քրեական գործը պատրաստ է»։