«Երբ ես 2022 թվականին այցելեցի Հայաստան որպես խոսնակ, մեր Կոնգրեսի պատվիրակությունը կանգնած էր Ծիծեռնակաբերդում և հստակ ու առանց ներողություն խնդրելու խոսեց Հայոց ցեղասպանության մասին, քանի որ ճշմարտությունը կարևոր է»,-X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների տան նախկին խոսնակ Նենսի Փելոսին՝ անդրադառնալով Հայաստան պաշտոնական այցի շրջանակում Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելած ԱՄՆ փոխնախագահի կողմից Ցեղասպանության վերաբերյալ գրառումը ջնջելուն։
ԱՄՆ նախկին պաշտոնյան ընդգծում է, որ այդ ճշմարտությունը հաստատվեց, երբ Ներկայացուցիչների պալատը 2019 թվականին մեծամասնությամբ ընդունեց երկկուսակցական բանաձև, որը ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը, և երբ նախագահ Բայդենը բարոյական առաջնորդություն ցուցաբերեց՝ պաշտոնապես ճանաչելով այն 2021 թվականին։
«Դիրքորոշում, որը ամոթալի կերպով չեղյալ հայտարարեց Թրամփի վարչակազմը։ Խորապես հիասթափեցնող է, թեև զարմանալի չէ, տեսնել, թե ինչպես է փոխնախագահը ջնջում այդ ճշմարտությունը ճանաչող գրառումը։ Պատմության ջնջումը անարգում է զոհերին և թուլացնում մեր հանձնառությունը մարդու իրավունքների նկատմամբ ամենուրեք»,-գրել է նա։