ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ջնջել է առավոտյան X-ում Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի մասին գրառումն ու լուսանկարները, փոխարենը կիսել իր խոսնակի գրառումը, որտեղ, սակայն, ի տարբերություն իր գրառման՝ Հայոց ցեղասպանություն եզրույթը բացակայում է:
Առավոտյան Վենսի էջում հայտնված գրառման մեջ նշված էր. «Այսօր փոխնախագահ Վենսը և երկրորդ տիկին Ուշա Վենսը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում մասնակցել են ծաղիկներ խոնարհելու արարողությանը՝ հարգելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»:
Իսկ Վենսի խոսնակի գրառման մեջ միայն նշված է. «Հայաստան կատարած այցի վերջին օրը փոխնախագահն ու երկրորդ տիկինը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և գրառում կատարել հյուրերի գրքում»:
Վենսի աշխատակազմից հայտնել են, թե գրառումը սխալմամբ է տեղադրվել անձնակազմի կողմից, որոնք փոխնախագահի գլխավորած պատիրակությունում չեն եղել:
Վենսի խոսնակն, իր հերթին, հայտարարել է. «Այդ օգտահաշիվը կառավարվում է այն աշխատակիցների կողմից, որոնք հիմնականում տարածում են փոխնախագահի լուսանկարներն ու տեսանյութերը: Այս հարցի շուրջ փոխնախագահի տեսակետին կարող եք ծանոթանալ ինքնաթիռի մոտ նրա արած մեկնաբանությունում»:
