Ծանր հանցագործությունների քննության վարչության քննիչ Նազելի Սարգսյանն իր վարութային ակտում կեղծ տվյալներ զետեղելով, այն է՝ «արձանագրելով», որ նախաքննության ընթացքում հաստատվել է, որ Արագածոտնի թեմի իմ վստահորդ քահանաների շահերի միջև առկա է հակասություն, որոշում էր կայացրել ինձ վարույթին մասնակցելուց ազատելու մասին, այս մասին հայտարարել է փաստաբան Արմինե Ֆանյանը։
Նույն հիմնավորմամբ քննիչը գտել էր, որ փաստաբանը չի կարող ստանձնել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու» շահերը:
«Որոշումը քննիչի կողմից առհասարակ չէր պատճառաբանվել:
Այդ հիմքով հսկող դատախազին ներկայացվել էր բողոք: Դատախազը մի քանի էջ պատճաբանություններ բերելով, որ վարութային ակտը պետք է լինի պատճառաբանված՝ մեկ նախադասություն պարունակող հիմնավորմամբ մերժել էր բողոքս:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ռոման Սմբատյանի նախագահությամբ, այս մասով կայացրել է կարևոր որոշում՝ արձանագրելով, որ քննիչը որևէ փաստական հանգամանք չի նշել, թե ինչով են վկաների շահերը հակասում միմյանց, ինչ համատեքստում է արդարադատության շահը տուժում, այլ սահմանափակվել է բացառապես օրենսդրական-տիպային ձևակերպումը մեջբերելով: Նույն հիմնավորմամբ դատարանը գտել է, որ դատախազ Տ.Մուրադյանի որոշումը ևս հիմնավորված և պատճառաբանված չէ:
Այսպիսով, դատարանը վարույթի հանրային մասնակցի վրա պարտականություն է դրել վերացնել քննիչի որոշումը:
Հիմա ուշադիր հետևելու եմ, թե այս ուժի մեջ գտնվող դատական ակտը երբ է կատարվելու դատախազության կողմից»,-նշել է փաստաբան Ֆանյանը։