Կրոնական զբոսաշրջությունն ունի մեծ պոտենցիալ. ԱԺ-ում ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ այսօր աշխարհում քչերը գիտեն, որ Հայաստանը առաջինն է ընդունել քրիստոնեությունը։
«Սրա շուրջ ևս պետք է մեծ հանրահռչակում իրականացնենք։ Աշխարհում քչերը գիտեն, որ մենք ենք առաջինը ընդունել քրիստոնեությունը։ Եթե իտալացիներն առաջինն ընդունեին, դրա մասին բոլորը կիմանային, եթե հույներն ընդունեին՝ նույն կերպ կիմանային։ Կոպիտ է հնչում, բայց պետք է ասեմ՝ անտերության մատնված վանական համալիրները վերադարձնում ենք հանրությանը, վերադարձնում ենք զբոսաշրջիկին։ Դրա նպատակը ոչ միայն մոնետարիզացիան է, այլ նաև Հայաստանի Հանրապետության հանրահռչակումը որպես զբոսաշրջային երկիր»,- ասաց նախարարը։
Նշենք, որ ծրագրի համար Հայաստանը 120 մլն եվրո արժողությամբ վարկ է վերցնում։