Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են ամրապնդել երկկողմ կապերը տարածաշրջանային և համայնքային մակարդակում՝ հետևողականորեն զարգացնելով քույր քաղաքների ձևաչափը և տեղական ինքնակառավարման մարմինների միջև գործնական համագործակցությունը։ Հայկական և ռուսական քաղաքների միջև ուղիղ շփումները ձևավորում են փորձի փոխանակման, կառավարման արդյունավետ լուծումների ներդրման, ինչպես նաև հումանիտար, կրթական և սոցիալ տնտեսական համատեղ ծրագրերի իրականացման կայուն հարթակ, ինչը նպաստում է երկու երկրների բնակիչների կյանքի որակի բարձրացմանը և գործընկերային վստահության խորացմանը։
2026 թվականի փետրվարի 5-ից 8-ը Վաղարշապատ քաղաքի պատվիրակությունը կայցելի քույր քաղաք Պետրոզավոդսկ։ Այցի աշխատանքային ծրագիրը միտված է հաջողված համայնքային փորձի, ժամանակակից տեխնոլոգիական լուծումների և ներդրումային նախագծերի ներկայացմանը, ինչպես նաև երկու քաղաքների մասնագետների միջև մասնագիտական կապերի ընդլայնմանը։
Առաջին օրը հայկական պատվիրակությանը կներկայացվի «ԷՖԵՌ» հրշեջ ռոբոտատեխնիկայի ինժեներական կենտրոնի գործունեությունը և «Պետրոզավոդսկի կոմունալ համակարգեր Վոդոկանալ» ձեռնարկության աշխատանքը, որտեղ իրականացվում է «Մաքուր ջուր» նախագիծը։ «ԷՖԷՌ» ինժեներական կենտրոնը համարվում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հրդեհաշիջման ժամանակակից համակարգերի և ռոբոտացված համալիրների առաջատար մշակողներից ու արտադրողներից։ Ծրագրում նախատեսված է նաև ծաղկեպսակի տեղադրում «Փառքի հավերժական կրակ» և «Անհայտ զինվորի գերեզմանի» հուշահամալիրում՝ ընդգծելով ընդհանուր պատմական հիշողության նկատմամբ հարգանքը։
Փետրվարի 7-ին Վաղարշապատի ներկայացուցիչները կմասնակցեն Կարելիայում անցկացվող միջազգային ձմեռային «XXV Օլիմպ Հիպերբորեա» փառատոնին, որը տարածաշրջանի խոշորագույն մշակութային միջոցառումներից է և ամեն տարի միավորում է տասնյակ հազարավոր մասնակիցների ու հյուրերի Ռուսաստանի տարբեր քաղաքներից և արտասահմանից։ Փառատոնը նպաստում է մշակութային փոխանակմանը և միջտարածաշրջանային կապերի ամրապնդմանը։ Նույն օրը նախատեսված է նաև այցելություն Պետրոզավոդսկի Ռազմական փառքի կենտրոն։
Այցը կավարտվի Պետրոզավոդսկի քաղաքային վարչակազմի, Կարելիայի Հանրապետության զարգացման նախարարության և ազգային ու տարածաշրջանային քաղաքականության նախարարության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներով, որոնց ընթացքում կքննարկվեն քույր քաղաքների շրջանակում հետագա համագործակցության ընդլայնման և նոր համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները։
Վաղարշապատի պատվիրակության կազմում ընդգրկված են համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լյուդվիկ Յայլոյանը, համայնքի ղեկավարի խորհրդականներ Մանվել Մելիքյանը և Նարեկ Խաչատրյանը, ավագանու անդամ Ներսես Մելիքյանը և համայնքի ղեկավարի օգնական Արմեն Քամավոսյանը։ Պետրոզավոդսկի համայնքային թիմի պատասխան այցը Վաղարշապատ նախատեսվում է կազմակերպել մարտին, ինչը հնարավորություն կտա շարունակել փորձի փոխանակումը և ամրապնդել ձեռք բերված պայմանավորվածությունները։
Վաղարշապատի և Պետրոզավոդսկի միջև քույր քաղաքների կապերի զարգացումը հաստատում է հայ ռուսական հարաբերությունների ակտիվ և կառուցողական բնույթը՝ բացելով նոր հնարավորություններ համատեղ զարգացման, գործարար համագործակցության և հումանիտար երկխոսության համար։