00:00:00

Բաքվի այսօրվա դատավճիռը Փաշինյանի ու Ալիևի «եղբայրական խաղաղության» մասին էր. Մեսրոպ Առաքելյան

15:13, 05 փետրվար 2026 Քաղաքականություն

Մինչ նախօրեին Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի արժանացան Մարդկային եղբայրության «Զայեդ» պատվավոր մրցանակի, այսօր Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, թե այն, ինչ այսօր տեղի ունեցավ, ցավալի ողբերգական իրադարձություն է։

«Սա ողբերգական է, թեև ակնհայտ էր, որ այդպես էլ պետք է լիներ։ Այդ մարդկանց նկատմամբ ամբողջ դատավարությունը տանում էր նրան, որ նման պատիժ էր նախատեսվելու։ Դա, իհարկե, ամբողջովին շինծու է, իրականության հետ որևէ աղերս չունի, այդ մարդիկ իրենց հայրենիքում պաշտպանել են իրենց և իրենց հայրենակիցների ապրելու իրավունքը, որը շարունակում է մնալ գերակա»։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի «եղբայրական խաղաղությանը»՝ Մեսրոպ Առաքելյանն ասաց, թե այն շատ սիմվոլիկ է։

«Այդ խաղաղությունը երկու անձի միջև է, լավագույն դեպքում՝ իրենց քաղաքական թիմերի, որովհետև շատ ջերմ, եղբայրական հարաբերություններ ունեն այդ անձինք և իրենց թիմերը։ Ինչ վերաբերում է հայ և ադրբեջանցի ժողովուրդների հնարավոր խաղաղությանը՝ այսօրվա դատավճիռը, կարծում եմ, այլևս այլ մեկնաբանությունների անհրաժեշտություն չի պարունակում։ Քանի դեռ Բաքվի բանտում կան հայ գերիներ և Ադրբեջանը նման վերաբերմունք ունի, խոսել խաղաղության մասին, մեղմ ասած, տրամաբանական չէ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր