Մեզ համար առաջնահերթություն է մեր 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինքրոն միացումը, ինչը ոչ միայն ներմուծել-արտահանելու տեսանկյունից կոմերցիոն նշանակություն ունի, այլև կայունություն է հաղորդում էներգահամակարգին․ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Տեխնիկապես հնարավոր է 4 հարևանների հետ էլ դա կատարել, այսինքն՝ տեխնիկական խոչընդոտ, որպես այդպիսին, չկա։ Մնացած մասով ես հույս ունեմ՝ զարգացումներ կլինեն, և մենք պատրաստ ենք այդ զարգացումներին»,-ասաց նախարարը։
Խուդաթյանի խոսքով՝ մասնավորապես Թուրքիա կատարած իր այցի ընթացքում ֆիքսվել է, որ տեխնիկապես այդ գործընթացը հնարավոր է իրականացնել, սակայն ժամկետներ ու տեխնիկական լուծումների վերաբերյալ ամփոփիչ աշխատանքներ ներկա պահին չկան։
Անդրադառնալով Իրանի հետ էներգետիկ համագործակցությանը՝ Խուդաթյանը հրաշալի համարեց այն՝ մանրամասնելով, որ անցած տարի Հայաստանը կայուն էլեկտրաէներգիա է մատակարարել Իրան, իսկ այնտեղից ստացել է բնական գազ։ Այդուհանդերձ, Իրանի հետ ևս ՀՀ էներգետիկ ցանցը դեռևս միասնական չէ, այլ պարզապես միացված է, ինչը ևս կայունություն է հաղորդում երկու երկրների էներգետիկ համակարգերին։