Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել բենզինի շուկայում գործող խոշոր ընկերությունների՝ «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ», «Մաքս Օիլ» և «Կամօյլ» ՍՊԸ-ների նկատմամբ։ Պատճառը բենզինի գների քաղաքականությունն է, որը, հանձնաժողովի գնահատմամբ, կարող է պարունակել հակամրցակցային վարքագծի հատկանիշներ։
Վարույթի հիմքում ընկած է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 69 որոշումը, որով ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի մի շարք տեսակների համար ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը սահմանվել է 0 տոկոս՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
«Վերը թվարկված ԱՏԳԱԱ կոդերով դասակարգված ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը սահմանվել է 0 տոկոս որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ»,- նշված է վարույթի որոշման մեջ։
Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մաքսատուրքի զրոյացումից հետո շուկայում ակնկալվող գնային փոփոխությունները չեն արձանագրվել։ Ըստ հանձնաժողովի՝ ուսումնասիրվել են ընկերությունների կողմից բենզինի ձեռքբերման և իրացման գները։
«Որոշման ուժի մեջ մտնելուց հետո բենզինի իրացման գները չեն փոխվել, կամ փոփոխությունները համաչափ չեն եղել ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխությանը»,- նշված է որոշման մեջ։
Այս հանգամանքը, հանձնաժողովի գնահատմամբ, լուրջ կասկածներ է առաջացնում շուկայում մրցակցային հարաբերությունների վերաբերյալ։
«Բենզինի շրջանառության ոլորտում գնային քաղաքականության առնչությամբ Ընկերությունների վարքագիծն առերևույթ կարող է պարունակել գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հատկանիշներ»,- նշված է որոշման մեջ։
Ընդ որում, հանձնաժողովը առանձնացնում է նաև ժամանակային հստակ շրջանակ՝ ընդգծելով, որ 2025 թվականի հոկտեմբերի 6-ից հետո ընկած ժամանակահատվածում բենզինի գնի պահպանման և գնային քաղաքականության դրսևորումները կարող են դիտարկվել որպես հնարավոր իրավախախտում։
Այս հիմքով Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովը որոշում է կայացրել «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ», «Մաքս Օիլ» և «Կամօյլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից տեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ հարուցել վարույթ։
Վարույթի շրջանակում պարզ կդառնա՝ արդյոք բենզինի շուկայում գների պահպանումը եղել է շուկայական օբյեկտիվ պայմանների հետևանք, թե համակարգված հակամրցակցային վարքագծի արդյունք։