00:00:00

Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանական «ֆիլմը» խիզախության դեմ քարոզչական պատերազմ է, նպատակը՝ Ռուբենի օրինակն արժեզրկելն է. Հակոբ Բադալյան

17:15, 21 դեկտեմբեր 2025 Բլոգ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է. «Ադրբեջանում ցուցադրել են ֆիլմ Ռուբեն Վարդանյանի մասին: Չեմ դիտել, ու չեմ դիտելու, որովհետեւ վստահ եմ, համոզված, որ չէր կարող Ռուբեն Վարդանյանի մասին Ադրբեջանի նկարած ֆիլմը լինել Ռուբեն Վարդանյանի մասին:

Ենթադրում եմ, նաեւ դատելով ադրբեջանական քարոզչամիջոցների որոշակի վերնագրերից, որ ֆիլմի «իմաստը» պետք է եղած լիներ այն, թե՝ Վարդանյանը Կրեմլի նախագիծն էր, որի շրջանակում «գործուղվել» էր Արցախ:

Սա պարզապես քարոզչական հնարք չէ, այլ նաեւ Հայաստանի հանրության հանդեպ ազդեցության հոգեբանական հնարք, որի նպատակը Ռուբենի օրինակն արժեզրկելն է: Որպեսզի հնարավորինս շատ մարդ համոզված լինի, որ Ռուբենը մարդկային խիզախության օրինակ չէր, այլ «աշխարհաքաղաքական կատարածության»:

Հայ հանրությանը «արգելվում» են մարդկային խիզախության օրինակները: Ընդ որում, եթե ուշադիր կարդաք այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստը, այդ արգելքը սահմանվում է նաեւ դրա կետերում:

Ամենացավալին այն է, որ այն նպատակը, որ հետապնդում է Ադրբեջանը՝ մասնավորապես Ռուբենի մասով, Հայաստանում սպասարկվում է շատ ավելի վաղուց, անգամ այնքան վաղուց, երբ դեռ կար Արցախի գոնե մի մասը, երբ Ռուբենը նոր էր գնացել Արցախ:

Ռուբենին պետք չէ «աստվածացնել», կուռք սարքել, բոլորովին: Նա միակ խիզախը չէ: Բայց նա խոսուն օրինակ է, որը՝ արգելված է: Հայաստանի հանրությունը չպետք է մտածի «խիզախության» օրինակներով: Օրինակները պետք է լինեն միայն «առեւտրային»: Հայաստան պետության եւ հայաստանյան հանրության համար ռեգիոնում սահմանվում է այդ գործառույթը:

Դրա պետական-քաղաքական հավանությունը կամ համաձայնությունը տրված է: Հարցը հետեւյալն է՝ տրվու՞մ է հանրային հավանությունը, թե՞ ոչ: Այդ հարցի պատասխանի հանգուցային դրվագ է լինելու խորհրդարանի ընտրությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր