00:00:00

Հունաստանը ողջունել է Վաշինգտոնյան համաձայնությունները. ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը Խաձիդակիսը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը

21:57, 08 հոկտեմբեր 2025 Արտաքին քաղաքականություն

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի կառավարության փոխնախագահ (փոխվարչապետ) Կոստիս Խաձիդակիսին։ Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Մասնավորապես նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունները ավելի խորացնելու առաջիկա գործողությունները։ Մեծ կարևորություն է տրվել տնտեսական դիվանագիտությանն ուղղված ջանքերին։ Հույն պաշտոնյան կարևորել է ոլորտային համագործակցությունը այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են վերականգնվող էներգետիկան, շինարարությունը և զբոսաշրջությունը։ Միաժամանակ նա նշել է, որ Հունաստանը մշտապես պատրաստակամ է ցուցաբերել Հայաստանին ցանկացած տեսակի աջակցություն Եվրոպական Միության շրջանակներում։

Ըստ աղբյուրի՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրել է մի շարք երկկողմ ուղղություններում, մասնավորապես պաշտպանության, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում առկա համագործակցության զգալի դինամիկան։

Տիգրան Մկրտչյանը նաև ներկայացրել է այս տարի օգոստոսին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք բխում են փոխադարձ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներից։

Դեսպանության փոխանցմամբ՝ Կոստիս Խաձիդակիսը նշել է, որ Հունաստանի դիրքորոշումը հայտնի է․ Հունաստանը ողջունել է Վաշինգտոնյան համաձայնությունները և հույս ունի, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վերջնական ստորագրել համաձայնագրերը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում նախատեսված երկկողմ բարձրաստիճան այցելություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր