00:00:00

Իմպիչմենտը ընթանալու է փողոցային պայքարով, գործընթացը կսկսենք, երբ 54 ստորագրությունները լինեն. Մամիջանյան

09:22, 06 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Իմպիչմենտի գործընթացը վաղուց է սկսված, պարզապես լսումները, որ այս գործընթացի մի մասն են, ևս մեկ կարևոր հանգրվան էր, նախ այն փաստով, որ «Հայաստան» խմբակցությունը միացավ նախաձեռնությանը, երկրորդ, տեսնելով, թե ինչ կոնսոլիդացիա էր առկա արտախորհրդարանական ուժերի և հասարակաքաղաքական միավորումների կողմից, ուստի սա ևս մեկ ըստ պլանի նախատեսված միջոցառում էր։ Այս մասին այսօր՝  հոկտեմբերի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով, իմպիչմենտի գործընթացը առանց ժողովրդի աջակցության, առանց լայն հասարակական զանգվածների, առանց փողոցային պայքարի հնարավոր չէ. «Դա իշխանության ներկայացուցիչները գիտեն և վախը այդ իրողությունից նկատվում էր։ Այո, դա անբաժանելի և կարևորագույն մասն է վարչապետի անվստահություն հայտնելու և հենց այդպես էլ տեղի է ունենալու ՔՊ-ից պատգամավորների միացումը գործընթացին»,–ասաց նա։

Հարցին՝ կա՞ն ՔՊ–ական պատգամավորներ, որոնք կարող է միանան այս գործընթացին, Մամիջանյանն ասաց. «Նույնիսկ այն ժամանակ, երբ այդ ստորագրությունը այդ թղթի տակ լինեն, շատ վտանգավոր է դա հանրայնացնելը, էլ ուր մնաց բանակցային փուլում դա հանրայնացնել, որովհետև ամենաժողովրդավար, ԱՄՆ–ից ավելի խոսքի ազատություն ունեցող երկրում, որտեղ կա 30-ից ավել քաղբանտարկյալ, մի տեսակ չարժի այդպիսի բան անել։ Շատ արագ  իշխանությունները իրենց ողջ ռեպրեսիվ ապարատը կօգտագործեն այդ ՔՊ-ականների ուղղությամբ»։

Ինչ վերաբերում է ժողովրդի աջակցությանը, նա նշեց, որ այս տարիների ընթացքում իրենք աշխատում են, բացատրում են ժողովրդին, որ իրենց խաբել են. «Իրենց ասել են ձայն տվեք, կգնանք Շուշին ու Հադրութը կդեօկուպացնենք, բայց արդյունքում Արցախը հանձնել են։ Սա բարդ, ամենօրյա աշխատանք պահանջող գործընթացվ է՝ բոլոր խողովակների օգտագործմամբ, սկսած ԶԼՄ-ների խողովակից վերջացրած անհատական հանդիպումներով և անհնազանդության ակցիաներով։ Այնպես որ այդ ողջ սպեկտրը օգտագործվելու է։

Մենք ամեն ինչ անում ենք Փաշինյանին հեռացնելու համար։ Ես վայրկյան անգամ չեմ ամաչում փորձերի համար, ես ափսոսում եմ, որ դրանք իրենց հիմնական նպատակին չեն հասել»։

Անդրադառնալով անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե կմիանա իմպիչմենտին, եթե համաձայնության գան, որ ժամանակավոր կառավարության կազմը ինքը և Հակոբ Ասլանյան են որոշելու: Մամիջանյանն ասաց. «Սա պաշտոնների բաժանման գործընթաց չէ։ Երբ արդեն բանակցություններ են գնում, թե ինչ պաշտոն է ուզում, դա արդեն նշանակում է, որ որոշակի սկիզբ կա։ Եթե մի տարի առաջ ինչ-որ մեկը ասեր, որ Հովիկ Աղազարյանի հետ քննարկելու ենք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթացը, ինքն էլ քննարկելու է դա, ոչ ոք դրան չէր հավատա։ Նորմալ է, քննարկումներ են, թե դրանք ինչ արդյունքի կբերեն, մենք մեր քաղաքացիներին անպայման կտեղեկացնենք»։

Ինչ վերաբերում է ժամկետներին, նա հայտարարեց. «ՀՀԿ–ի և դրա պատգամավորական խմբակցության վրա որևէ մեկը ժամկետներ դնել չի կարող։

Իմպիչմենտի գործընթաց կարելի է մուտք անել 36 ստորագրությամբ, որից հետո 72 ժամվա ռեժիմով այն մտնում է օրակարգ, քվեարկվում և բացասական քվեարկվելու պարագայում Նիկոլ Փաշինյանը կես տարով ստանում է իմունիտետ։ Մենք նման բան թույլ տալ չէինք կարող։ Նույնիսկ եթե առկա լինեին այն ՔՊ-ականները անհրաժեշտ թվով, որոնք միանալու են, իրենց նկատմամբ ռեպրեսիվ մեխանիզմը սկսելու էր աշխատել։

Ոչ, մենք ընտրել ենք պարտվելու հավանականություն չենթադրող ճանապարհը, մինչև չլինի 54 ստորագրություն, մենք այդ թուղթը մուտք չենք անելու։ Մուտք անելու պահին արդեն գործընթացը հաղթանակած է լինելու, որովհետև այդ անհրաժեշտ 54-ը արդեն ստորագրած են լինելու։ Սա է մոդելը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր