Թբիլիսիում ընտրությունների ու բողոքի ցույցին զուգահեռ՝ Աթոնելիի փողոցում տեղակայված նախագահական պալատի բակում բախումներ են տեղի ունենում քաղաքացիների ու հատուկջոկատայինների միջև. պղպեղ սփրեյ, ջրցան մեքենա, ֆիզիկական բռնություն է կիրառվել ՆԳՆ-ի կողմից՝ ցույցը ցրելու նպատակով, կան վիրավորներ, այդ թվում՝ ցույցի կազմակերպիչ Պաատա Բուրճուլաձեն: Կան նաև բերման ենթարկվածներ: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։ Մինչ այդ, մի խումբ ցուցարարներ կոտրել էին նախագահական պալատի ցանկապատը և ներխուժել բակ, ինչին էլ հետևեցին բախումները: Րոպեների ընթացքում տեղում մոբիլիզացվեցին հարյուրավոր հատուկջոկատայիններ, քանի դեռ Ռուսթավելիում ցույցը շարունակվում է խաղաղ կերպով:
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղի ունեցածը սադրանք է որակել, նշելով, որ դրա ետևում կանգնած են հենց «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները: «Սա խաղաղ ցույցի ցրման փորձի սցենար է: Վաղն ավելի շատ մարդ կհավաքվի Ռուսթավելիում»,- նշել է Զուրաբիշվիլին: Տեղի ունեցածին արձագանքել է «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը հայտարարությամբ, նշելով, որ սա խաղաղ ցույցի դիսկրեդիտացիա է: Մինչդեռ ՆԳՆ-ն տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ ակցիան դուրս է եկել օրենքի շրջանակներից։ Ոստիկանությունը կոչ է անում ցուցարարներին ցրվել։ Հատուկ նշանակության ուժերն արդեն սկսել են ջրցաններ կիրառել ցուցարարների դեմ։