ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զորքեր է ուղարկում Պորտլենդ, Օրեգոնի նահանգ։ Այս մասին նա հայտնել է Truth Social սոցիալական ցանցում, տեղեկացնում է CNN-ը:
Թրամփը, մասնավորապես, գրել է. «Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի խնդրանքով պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին հանձնարարում եմ տրամադրել բոլոր անհրաժեշտ զորքերը՝ ավերված Պորտլենդը և Անտիֆայի և այլ ներքին ահաբեկիչների հարձակումներից պաշարված մեր ICE (Ներգաղթի և մաքսային ծառայության) ցանկացած օբյեկտ պաշտպանելու համար»։
Նա հավելել է, որ թույլատրել է «անհրաժեշտության դեպքում լիարժեք ուժի կիրառումը»։
Սպիտակ տունը լրացուցիչ մեկնաբանություն չի տվել, երբ CNN-ը կապ է հաստատել նրանց հետ՝ պարզաբանելու համար՝ ի՛նչ է նկատի ունեցել նախագահը «լիարժեք ուժ» ասելով, և ինչ զորքեր են տեղակայվելու քաղաքում։
Հայտարարությունը հրապարակվել է Թեքսաս նահանգի Դալասում տեղակայված ICE օբյեկտում տեղի ունեցած կրակոցների ֆոնին, որոնք իրականացրել է զինված անձը. հետաքննիչների կարծիքով, վերջինս մտադիր էր հարձակվել ICE անձնակազմի և գույքի վրա։ Նա սպանել է մեկ ձերբակալվածի, իսկ երկու հոգու ծանր վիրավորել է։