00:00:00

Համբարձում Մաթևոսյանը Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի ղեկավարին հրավիրել է Հայաստան

23:53, 24 սեպտեմբեր 2025 Արտաքին քաղաքականություն

Նյու Յորքում հանդիպում եմ ունեցել Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (GEF) գործադիր տնօրեն և նախագահ Կառլոս Ռոդրիգեսի հետ։ Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի Հանրապետության և ԳԷՀ-ի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ գործընկերությանը։ Խոսել ենք այն ծրագրերի մասին, որոնց շնորհիվ վերջին տարիներին էականորեն բարելավվել է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգը, ստեղծվել են նոր հատուկ պահպանվող տարածքներ, ինչպես նաև արձանագրվել է առաջընթաց էներգախնայողության, կլիմայի փոփոխության մեղմման և ադապտացման, գյուղատնտեսության կայուն զարգացման, կարողությունների զարգացման և վտանգավոր թափոնների կառավարման ոլորտներում։

Նշել եմ, որ այս ծրագրերը ոչ միայն նպաստել են Հայաստանի բնապահպանական համակարգերի ամրապնդմանը, այլև բարձրացրել են հանրային իրազեկվածությունը և միջազգային համագործակցության մակարդակը բնապահպանական խնդիրների շուրջ։

Շնորհակալություն եմ հայտնել պարոն Ռոդրիգեսին՝ Հայաստանի շրջակա միջավայրի ոլորտին ցուցաբերվող շարունակական և նշանակալի աջակցության համար։

Նա էլ իր հերթին վերահաստատել է ԳԷՀ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ նոր նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Քննարկել ենք նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ Կողմերի համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները։ Համոզված եմ, որ այս կարևոր միջազգային միջոցառումը բացառիկ հնարավորություն է մեր երկրի համար՝ ներկայացնելու բնապահպանական ոլորտում ունեցած ձեռքբերումներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև դառնալու գլոբալ քննարկումների և որոշումների կայացման կարևոր հարթակ։

Պարոն Ռոդրիգեսին հրավիրել եմ Հայաստան և շուտով հնարավորություն կունենանք առավել առարկայական դիտարկել համաժողովի կազմակերպչական աշխատանքներից:

Պայմանավորվել ենք ակտիվացնել համատեղ աշխատանքները և հատուկ ուշադրություն դարձնել COP17-ի նախապատրաստական գործընթացներին»,-նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր